ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
«Մեր հանդիպումը կրկին տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ տարածքում կայունությանը։ Նման միջավայրում եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքում ընկած սկզբունքներն ու հանձնառությունները շարունակում են լինել առավել քան արդիական։
ԵԱՀԿ-ն շարունակում է բացառիկ հարթակ հանդիսանալ մասնակից պետությունների միջև երկխոսության և վստահության ամրապնդման համար: Միևնույն ժամանակ, Կազմակերպության արդյունավետությունը սերտորեն կապված է ԵԱՀԿ հանձնառությունների բարեխիղճ կատարման հետ։ Այսօր ԵԱՀԿ առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հիմքում ընկած են ոչ թե ինքնին սկզբունքները, այլ հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա բացը: Սա ընդգծում է գործող հանձնառությունների կատարումն ամրապնդելու և անվտանգության ի հայտ եկող մարտահրավերների համատեքստում ԵԱՀԿ գործիքակազմի և մեխանիզմների արդյունավետությունը և պատշաճ արձագանքն ապահովելու անհրաժեշտությունը:
Սպառազինությունների վերահսկումը, վստահության ամրապնդման միջոցառումները և ստուգման մեխանիզմները շարունակում են մնալ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մոտեցման կարևոր բաղադրիչները։ Վստահելի սպառազինությունների վերահսկումը և ստուգման մեխանիզմները կարող են նպաստել թափանցիկությանը, կանխատեսելիությանը և ռիսկերի նվազեցմանը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, պրակտիկայում և դատելով փորձից՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդյունավետությունը և վստահելիությունը վերջիվերջո կախված են անվտանգային իրողություններին, դրանց ի հայտ գալուն զուգընթաց, արձագանքելու և էսկալացիայից խուսափելու համար գործուն երաշխիքներ ապահովելու կարողությունից։
Իրապես, վերջին տարիների զարգացումներն ի ցույց են դրել այդ մեխանիզմների սահմանափակումները՝ համարժեք արձագանքելու փոփոխվող անվտանգային իրողություններին: Այս մարտահրավերն էլ ավելի է ընդգծվում արագ տեխնոլոգիական զարգացումների և պատերազմի վարման փոփոխվող մեթոդների պայմաններում, որոնք շարունակում են վերափոխել անվտանգային միջավայրը։ Արդի անվտանգային մարտահրավերների արձագանքման առկա գործիքակազմի արդիականության և արդյունավետության պահպանումը, ինչպես նաև արձագանքման կարողունակությունը հետևաբար պետք է շարունակեն լինել մասնակից պետությունների կարևոր առաջնահերթություն:
2025թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում իմ վերջին ելույթից ի վեր մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները, վերջինիս` որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության, բարեկեցության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։
Վաշինգտոնի գագաթնաժողովն էական հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության առավել լայն օրակարգի առաջմղման համար։ Այս համատեքստում փոխկապակցվածությունը հանդիսանում է նոր տարածաշրջանային իրողության կարևոր հենասյուն։
Այս պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` մշակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) փոխկապակցվածության նախագծի շրջանակը։ Հունիսի սկզբին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ հանդիսացավ այդ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ նախագիծը նպատակ ունի խթանել միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, խթանել տարածաշրջանային և համաշխարհային առևտուրը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը` որպես ավելի լայն տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության կարևոր բաղադրիչ` Հարավային Կովկասում և դրանից դուրս առավել կանխատեսելի և համագործակցային միջավայրի խթանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում: Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մակարդակը, մինչդեռ շոշափելի առաջընթացը, այդ թվում՝ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, շարունակում է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում տևական և անշրջելի խաղաղության համար։
Առավել փոխկապակցված և բարդ անվտանգային միջավայրում ոչ մի պետություն չի կարող միայնակ արդյունավետորեն հասցեագրել արդի մարտահրավերները։ ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ՝ տարածաշրջանային հակամարտություններից և բռնի տեղահանումներից մինչև ի հայտ եկող հիբրիդային սպառնալիքները և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները, պահանջում են հավաքական արձագանք՝ խարսխված երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։
Այս համատեքստում փոփոխվող անվտանգային միջավայրն ընդգծում է ԵԱՀԿ գործիքակազմի և մոտեցումների շարունակական հարմարեցման անհրաժեշտությունը՝ ժամանակակից ռիսկերին և ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար։ Հայաստանը պատրաստակամ է իր կառուցողական ներդրումն ունենալ Կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում՝ ապահովելով դրա առանցքային գործառույթների, այդ թվում՝ վաղ արձագանքման և հակամարտությունների կանխարգելման կարողությունների արդյունավետ արդիականացումն ու ամրապնդումը։
ԵԱՀԿ տարածքում կայուն անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն անկեղծ համագործակցության, փոխադարձ հարգանքի և մեր ընդհանուր հանձնառություններին հավատարիմ մնալու միջոցով։ Հայաստանը հավատացած է, որ միայն այս սկզբունքների նկատմամբ վերահաստատված հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել վստահությունը, վերականգնել կանխատեսելիությունը և խթանել տևական խաղաղությունը ԵԱՀԿ պատասխանատվության գոտում»,- նշել է փոխնախարարը։
Add new comment