ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոմ ՄըքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լաուրա Ֆրիդմանը հունիսի 23-ին Կապիտոլիումում երկկուսակցական մամուլի ասուլիս են անցկացրել՝ նվիրված Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պահման 1000-րդ օրվան՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ գրում է ANCA-ն։
Կոնգրեսական Բրեդ Շերմանը մամուլի ասուլիսը բացել է՝ վկայակոչելով Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև դրա հետևանքով ձերբակալվածների նկատմամբ շարունակվող բռնությունները։
«1000 օր է, ինչ հայ ռազմագերիները՝ ռազմագերիներ, որոնք պահվում են պատերազմի ավարտից հետո, և քաղաքական բանտարկյալներն ադրբեջանական գերության մեջ ենթարկվում են բռնությունների և խոշտանգումների», – ասել է Շերմանը։
Նա անդրադարձել է կեղծ դատավարություններին, որոնց հետևանքով կայացվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատավճիռներ՝ նշելով, որ Արցախի 5 ղեկավարներ, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը և հրամանատար Լևոն Մնացականյանը, դատվել են գրեթե ամբողջությամբ փակ դռների հետևում՝ առանց անկախ դիտորդների ներկայության, իսկ 16 մեղադրյալներին միասին ներկայացվել է 2500 մեղադրանք։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին՝ Շերմանը նշել է նաև, որ Amnesty International-ը Վարդանյանի նկատմամբ իրականացված դատավարությունը բնութագրել է որպես «ոչ այլ ինչ, քան խայտառակություն»։
«Չի կարող լինել երկարատև խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական բանտերից և չի վերադարձվել իր ընտանիք», – հավելել է Շերմանը։
Ելույթով է հանդես եկել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Նա նշել է, որ անցյալ տարի հայտարարված այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրն այսօր ներկայացվում է որպես առաջընթաց։
«Իրական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն։ Եվ դրա առաջին քայլերը պետք է արվեն հենց այստեղ՝ Վաշինգտոնում, որտեղ Կոնգրեսը պետք է հասնի հետևյալ քայլերի իրականացմանը՝ 1000 օր Բաքվում ապօրինաբար պահվող և դաժան վերաբերմունքի ենթարկվող հայ պատանդների ազատ արձակում, Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքներից, հայերի անվտանգ վերադարձ Արցախ՝ միջազգային մանդատի ներքո, Արցախի տարածքում ոչնչացվող հնագույն քրիստոնեական սրբավայրերի պաշտպանություն, Ադրբեջանի նկատմամբ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կիրառում, օրենսդրական երաշխիքներ, որպեսզի ամերիկացի հարկատուները չդառնան քրիստոնյաների հալածանքների ֆինանսավորման մասնակից», – ասել է Համբարյանը։
Աղբյուր` ABC MEDIA
Add new comment