Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Բաքուն խաղաղության գործընթացում առաջադրում է նոր վտանգավոր նախապայմաններ։ Նշվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձը պետք է դառնա խաղաղության պայմանագրի անկյունաքարը։
Պարբերականը սա գնահատում է որպես կազմակերպված պետական ռազմավարության փուլ, որը մարտահրավեր է ՀՀ անվտանգությանը և բացահայտում է իշխանությունների քաղաքական թերությունները։ «Փաստ»-ի համոզմամբ՝ Ադրբեջանի նշաձողը բարձրանում է, իսկ պաշտոնական Երևանի լռությունը անարդյունավետ է։
Թերթը կոչ է անում ձևավորել հարձակողական, փաստարկված հակազդեցություն՝ առաջնային դարձնելով Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթած հայերի իրավունքները, ինչպես նաև Արցախի բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Ըստ «Փաստ»-ի, հակառակ դեպքում օրակարգ կմտնի Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։
Add new comment