Submitted by D.Guyumjyan on
Դետք

Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է խնդրել՝ կապված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ական զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը պարզ կլինի պատասխանը ստանալուց հետո»,- հայտարարել է նա։

Զախարովան նաև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց։ Նա նշել է, որ նման քայլը չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը։

Վերջինս հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր զորավարժություններում գործընկեր երկրների ակտիվ ներգրավման պրակտիկան՝ ձգտելով վերափոխել այդ երկրների պաշտպանական համալիրները, ազդեցության լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Նա հավելել է, որ դա նախևառաջ վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման իրական դաշտն է։

 «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են թուլացնել մեր երկրի հետ տարածաշրջանի երկրների համագործակցությունը, նրանց ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք հակառուսական բնույթ ունեն, եթե չասենք, երբեմն, ռուսատյաց»,- եզրափակել է նա։

Add new comment