Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Պաղեստինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Իբրահիմ Թահային ուղղված առանձին նամակներում մտահոգություն է հայտնել Պաղեստինում տիրող իրավիճակի և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) իրականացրած ոճրագործությունների կապակցությամբ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունները, այդ թվում՝ սպանությունները, մարդկանց ձերբակալությունները և նրանց ունեցվածքը ոչնչացնելը, հակասում են միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքներին։ Նրա խոսքով՝ նման գործողությունները վկայում են այն մասին, որ սիոնիստական ռեժիմը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի պատերազմի վրա:
Իրանի գլխավոր դիվանագետը նամակներում քննադատել է մարդու իրավունքների ինստիտուտների, ինչպես նաև մարդու իրավունքների հավակնորդ երկրների լռությունն ու անգործությունը Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող անօրինականությունների նկատմամբ։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է պաղեստինցիներին աջակցելու ուղղությամբ միջազգային հանրության և իսլամական կառավարությունների կողմից անհապաղ ու արդյունավետ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Աբդոլլահիանը հավելել է, որ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Պաղեստինի օկուպացիայի լիարժեք վերացման, բոլոր պաղեստինցիների՝ հայրենքի վերադարձի և հանրաքվեի ճանապարհով երկրի կառավարման համակարգը որոշելու դեպքում:
Add new comment