The National․ Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև բանակցություններ առայժմ չեն նախատեսվում
Պարսից ծոցի արաբական պետությունների և Իրանի միջև բանակցություններ, որոնք միտվածկլին են վերջին հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորմանը, առաջիկայում չեն կայանա։ Այս մասին հաղորդել է էմիրաթների The National թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
«[Պարսից] ծոցի պետությունները դրսևորել են բարի կամք խաղաղության ձգտման հարցում և շարունակում են ապավինել դիվանագիտությանը՝ հակամարտությունը կարգավորելու համար», - հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ արաբական երկրների վստահության վերականգնումն Իրանի նկատմամբ մնում է առանցքային խնդիր։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Սաուդյան Արաբիան կարող է հյուրընկալել արաբական միապետությունների և Իրանի միջև բանակցությունները։ Սակայն The National-ի աղբյուրները նման քննարկումները վաղաժամ են անվանել։ Ինչպես նշել է թերթը, տարածաշրջանի բազմաթիվ երկրներ զգուշությամբ են վերաբերվում Թեհրանին՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի վաղ ձեռք բերված շրջանակային համաձայնագրին։ Պաշտոնական անձինք բազմիցս ընդգծել են վստահության վերականգնման անհրաժեշտությունը՝ իսլամական հանրապետության կողմից իրականացված հրթիռային հարվածներից հետո։
Հունիսի 25-ին Բահրեյնում ԱՄՆ և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) համատեղ նախարարական հանդիպման արդյունքներով կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին հայտնել է, որ Իրանի հետ ցանկացած ապագա պայմանավորվածություն պետք է հաշվի առնի արաբական միապետությունների պահանջները՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գործընկերներին հավաստիացրել է, որ տարածաշրջանի երկրների շահերը հաշվի կառնվեն բանակցային գործընթացի ընթացքում որևէ որոշում ընդունելիս։
Add new comment