Արձագանքի կարիք չենք տեսնում․ Հայոց ցեղաuպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից․ Նիկոլ Փաշինյան
Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։
Դետքի հետագծով
Եթե նույնիսկ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, դա չի փոխում ճանաչման փաստն ու դրա պատմական արժեքը։ Միջազգային քաղաքականությունում պետությունները մշտապես առաջնորդվում են իրենց շահերով, սակայն այդ հանգամանքը չի նվազեցնում պատմական արդարության նշանակությունը։ Հետևաբար, «արձագանքի կարիք չենք տեսնում» մոտեցումը շատերի կողմից ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի կարևորության արժեզրկում։
Եթե Փաշինյանի ենթադրյալ խաղաղության օրակարգը պահանջում է լռել նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, ապա այդ քաղաքականության գինը պատմական արդարության հարցի նահանջն է։
Add new comment