Submitted by H.Aslanyan on
Լիբանան

Լիբանանի բնակելի թաղամասերից մեկին իսրայելական nւժերի ռմբակnծnւթյnւնը հանգեցրել է առնվազն 60 մարդու մաhվան

Լիբանանի հարավում գտնվող հնագույն Տյուրոս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը հանգեցրել է առնվազն 60 մարդու մահվան:  Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ալվան Շարաֆուդդինը։

 

«Իսրայելական ավիահարվածների ընթացքում ամբողջությամբ ավերվել է 24 բազմահարկ շենք, ևս հինգը մասնակի վնասվել են: Փլատակները մաքրելուց հետո պարզվել է, որ այնտեղ զոհվել է 60 քաղաքացի»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Տյուրոսի բազմաթիվ փողոցներում երևում են վերջին հարձակումների հետքերը։

«Իսրայելական հրամանատարության՝ սպասվող օդային հարձակումների մասին նախազգուշացումներից հետո հունիսի սկզբին քաղաքում մնացել էր բնակչության մոտավորապես 10-15%-ը: Այժմ, հրադադարի հայտարարումից հետո, վերադարձել է բնակիչների 89%-ը, սակայն կան ընտանիքներ, որոնք զրկվել են տանիքից, և մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը ժամանակավոր բնակարանների վարձակալության միջոցով»,- նշել է փոխքաղաքապետը։ 

Քաղաքապետարանը մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր ոչ մի օր չի դադարեցրել աշխատանքը և զբաղվել է քաղաքացիների կենսական կարիքների ապահովմամբ և նրանց փրկությամբ։

«Մենք ստեղծել ենք ճգնաժամային շտաբ, որն արձագանքում էր բնակչության կարիքներին և դիմումներին: Իսրայելը սպառնում էր ողջ քաղաքին, ներառյալ հնագույն քրիստոնեական թաղամասին»,- նշել է Շարաֆուդդինը։ 

Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, իսրայելական ավիացիայի հարձակումներից վնասվել են ծովափի մոտ գտնվող Էլ-Մինա հնագիտական այգու տարածքում գտնվող անտիկ հուշարձանները։

«Վնասվել են առևտրի հրապարակի սյուների խոյակները, պայթյունի ալիքից հռոմեական դարաշրջանի մի քանի խճանկարների վրա ճաքեր են առաջացել»,- նշել է նա։

Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ հին Տյուրոսի ավերակները, մասնավորապես՝ հիպոդրոմը, ջրանցույցը, հաղթակամարը և դամբարանադաշտը, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

«Այդ ավերակները համարվում են ողջ մարդկության սեփականությունը, սակայն Իսրայելն անտեսել է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան»,- ընդգծել է նա։

Add new comment