Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ են եղել, բայց դրանց մեծ մասը խախտվել է. ԱԽ քարտուղարը՝ Տեղի մոտ իրավիճակի մասին
Ադրբեջանի հետ եղել են պայմանավորվածություններ, սակայն Ադրբեջանը դրանք խախտել է: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի զինվորականներն ավելի շուտ են դիրքավորվել, կանգնել են հայկական տարածքներում, իսկ մերոնք ուշացել են:
«Ընդհանուր առմամբ, նախապես տարբեր քննարկումներ են եղել, քննարկվել են եղած բոլոր հարցերը, որոշումներ են կայացվել, որոնց համապատասխան պետք է գործողություններ իրականացվեն: Գործողությունների իրականացման ընթացքում նաև եղել են պայմանավորվածություններ ադրբեջանական կողմի հետ, թե ինչպես ենք կազմակերպելու: Բնականաբար, Ադրբեջանը պայմանավորվածությունների մեծ մասը խախտել է, և դրանց խախտման պատճառով առաջացել է այս իրավիճակը: Հիմա հետաքննություն է կատարվում, որ հասկանանք, թե որոնք են եղել մեր կողմից բացթողումները»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ այնպես չէ, որ մենք չէինք սպասում, որ այդ պայմանավորվածությունները կարող են խախտվել, Արմեն Գրիգորյանը նշել է․ «Համակարգային խնդիրներ են եղել, ուստի հետաքննություն է կատարվում՝ պարզելու, թե որոնք են եղել մեր համակարգային խնդիրները»:
Նա նաև նկատել է, որ այդտեղ կա դելիմիտացված սահման, և դա հայտնի է բոլորին. «ԽՍՀՄ շրջանում դելիմիտացված սահման է, որն Ալմաթիի հռչակագրով դարձել է միջպետական սահման: Կարծում եմ՝ բոլորն արդեն արձանագրել են, որ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի տարածքում: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ նրանք դուրս գան»:
Add new comment