Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է. նրա մարմինն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում
Իրանի հանգուցյալ առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է։ Նրա մարմինն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հրաժեշտի արարողությանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ։ Վերջին պահին, Խամենեիին հրաժեշտ տալ ցանկացողների հսկայական հոսքի պատճառով, կազմակերպիչները ստիպված են եղել փոխել սգո թափորի երթուղին դեպի դամբարան։ Առաջնորդի մարմինը տեղափոխող դիակառքը չի կարողացել հասնել դամբարան, ինչի հետևանքով այն տեղափոխելու համար օգտագործվել է ուղղաթիռ։
Դամբարանի տարածքում հարյուր հազարավոր ուխտավորների ներկայությամբ Խամենեիի և նրա ընտանիքի անդամների, որոնք նույնպես զոհվել էին նրա հետ, հոգեհանգստյան աղոթք է կատարվել։ Դրանից հետո տեղի է ունեցել պաշտոնական հուղարկավորման փակ արարողությունը, որին լրագրողների մուտքը չի թույլատրվել։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը սկսվել էր հուլիսի 3-ին՝ Թեհրանում։ Սգո միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան պատվիրակություններ առնվազն 100 երկրներից։
Հուլիսի 4-5-ը այաթոլլայի մարմինը դրվել էր Թեհրանի Մոսալլա համալիրում՝ Իրանի մայրաքաղաքի խոշորագույն կրոնական-հասարակական կենտրոնում։ Հուլիսի 6-ին Թեհրանի գլխավոր փողոցներով անցկացվել է սգո երթ, որից հետո մարմինը տեղափոխվել է Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին անցկացվել են սգո արարողություններ։
Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք, որտեղ Նաջաֆ և Քերբելա քաղաքներում տեղի շիա մուսուլմանների համար կազմակերպվել են հրաժեշտի առանձին արարողություններ։
Add new comment