Իրանը մարդասիրական օգնության անվան տակ զենք է փոխանցել Սիրիային․ «Reuters»
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռներն օգտագործել են ռազմական սարքավորումներ տրամադրելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի, Իրանի և Սիրիայի մի շարք աղբյուրների։
Հաղորդվում է, որ երկրաշարժից հետո Դամասկոսի, Լաթաքիայի և Հալեպի սիրիական օդանավակայաններում վայրէջք է կատարել մի քանի հարյուր իրանական ինքնաթիռ։ Հրապարակումների համաձայն՝ այդ ինքնաթիռները մարդասիրական օգնության անվան տակ տեղափոխել են կապի առաջադեմ միջոցներ, ռադարների մարտկոցներ և պահեստամասեր, որոնք անհրաժեշտ էին սիրիական ՀՕՊ համակարգերի արդիականացման համար:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը «Reuters»-ին տված մեկնաբանության մեջ հայտնել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել է՝ երկրի իշխանություններին հայտնի է դարձել, որ Սիրիային տրամադրվող իրանական ռազմական տեխնիկան հիմնականում ուղարկվել է մաս-մաս։ Նրա խոսքով՝ բեռները հիմնականում հասցվել են Հալեպի օդանավակայան։
Այս տեղեկությունը «Reuters»-ի հետ զրույցում հաստատել է նաև Սիրիայի զինված ուժերի բարձրաստիճան մի սպա՝ հավելելով, որ Իսրայելի իշխանություններն իմացել են սպառազինությունների մատակարարման մասին:
Add new comment