Submitted by H.Aslanyan on
Մակրոն

Ուկրաինան առաջիկա շաբաթներին կստանա ՀՕՊ հրթիռներ. Մակրոն

Եվրոպական SAMP-T հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի համար Ուկրաինային հրթիռների մատակարարումը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է Փարիզում այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո։

«Հակաօդային պաշտպանության հարցում խոսքը Ուկրաինայի կողմից նոր սերնդի SAMP-T մարտկոցների առաջին խմբաքանակի ձեռքբերման մասին է, որը կլրացնի այն համակարգերը, որոնք առաջիկա շաբաթներին կմատակարարվեն հրթիռների հետ միասին», – հայտարարել է Մակրոնը։

Նա հավելել է, որ «կոալիցիայի» հանդիպման ժամանակ քննարկվել է լրացուցիչ ռադարային համակարգերի և հրթիռների Ուկրաինա տեղափոխման հարցը, և համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի հետ տարբեր զենքերի համատեղ լիցենզավորված արտադրության վերաբերյալ, այդ թվում՝ AASM կառավարվող ռումբերի, SAMP-T-ի համար նախատեսված Aster 30 հրթիռների և SCALP հրթիռների։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդման համատեքստում նախագահը նաև հիշատակել է ուկրաինական կործանիչների արդիականացման և Կիևին 16 Rafale կործանիչներ մատակարարելու ծրագրերի մասին։

Նա խոստացել է, որ այդ կործանիչները «կբարձրանան Ուկրաինայի երկինք» 2028-2029 թվականներին, իսկ դրանցով ուսումնական թռիչքները կսկսվեն «առաջիկա ամիսներին»։

 

Add new comment