«Մարդասիրության» դիմակ հագած ադրբեջանցիների քարոզչությունը
Ապրիլի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել էին ադրբեջանցի երկու զինծառայողի անհետ կորելու մասին։ Նշվում էր, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Նույն օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել էր ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։
Օրեր անց մյուս ադրբեջանցուն հայտնաբերեցին քաղաքացիները: Ադրբեջանցին հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այսպես կոչված «խոզանոցի» տարածքում:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ երկու զինվորականները Սյունիք են մտել Նախիջևանի տարածքից։ Հատկանշական է, որ Աշոտավան գյուղը Սյունիքի և Նախիջևանի սահմանից ուղիղ գծով նվազագույնը 13 կմ է։ Իսկ երկրորդ զինվորականը, փաստացի, մի քանի օր թափառել է Սյունիքում՝ Բնունիսից հասնելով Աճանան, ինչն ուղիղ գծով ավելի քան 40 կմ է։
Ադրբեջանցին Հայաստանում գտնվելու ժամանակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ մասնավորապես ասել էր. «Մենք հայի արյուն ենք թափել։ Մենք գլխատեցինք հայերին։ Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»։
Ադրբեջանցուն վնասազերծելուց հետո համացանցում արագ տարածվեցին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են հայերը հարվածում ադրբեջանցի ահաբեկչին։
Տեսանյութին «Թվիթերի» իր միկրոբլոգում արձագանքել էր Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադան՝ համեմատելով հայերի «բռնությունը» ադրբեջանցիների «մարդասիրական» պահվածքի հետ։
Դեպքերից անտեղյակ կամ երևակայական աշխարհում ապրող դեսպանը տեղադրել է մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորները փորձում են վիրակապել վիրավոր հայ զինծառայողին, որի անշնչացած մարմինն ամիսներ անց Ադրբեջանը փոխանցեց հայկական կողմին։
«Մարդասիրության» դիմակ հագած ադրբեջանցիներն արագ սկսեցին տարածել դեսպանի «ուղերձը»՝ ուղղված միջազգային հանրությանը։ Նպատակը՝ ցույց տալ, որ «խաղաղության» ձգտող ադրբեջանցիների գործնական քայլերն ի չիք են դառնում հայկական կողմի «անհանդուրժողական» վերաբերմունքի պատճառով։
Add new comment