Submitted by H.Aslanyan on
Բաքու

Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական բեռնանավը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության տվյալներով՝ նավի վրա գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։

«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող նավապետից բացի, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում նավապետին որոնելու ուղղությամբ»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Կառույցը նաև հայտնել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Add new comment