Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը նախօրեին ռուսական ուժերի բալիստիկ հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել են տեղական իշխանությունները, այլ շրջաններ օրվա ընթացքում ռմբակոծությունների են ենթարկվել, որի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները նույնպես հարձակման են ենթարկվել, Գորլիվկայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել:
Դոնի Ռոստովում էլ գիշերը ուկրաինական օդային հարձակման հետևանքով զույգ է զոհվել, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը: Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռ և 136 անօդաչու է արձակել:
Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգով քաղաքում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է սուպերմարկետին, երկու մարդ է սպանվել, այդ թվում՝ 9-ամյա երեխա։ Հաղորդվում է 25 վիրավորի մասին։
«Սա ռուսական դիտավորյալ ահաբեկչություն է, որը ռազմական որևէ արդարացում չունի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Խարկով քաղաքում էլ մեկ մարդ է զոհվել, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Զապորոժիե քաղաքում, որը վերջին ամիսներին ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվել, ավիառումբի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել են, հայտնել է մարզպետ Իվան Ֆեդորովը։
Add new comment