ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Բաթումի պայմանագիրը և Հայաստանի զինված ուժերի ձևավորումը
Չնայած մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակներին և հայկական պետականության վերականգնմանը՝ նորանկախ Հայաստանը գտնվում էր չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով, իսկ ֆիզիկական բնաջնջման վտանգն ամբողջովին չէր վերացել։ Այս իրավիճակը մեղմելու և հանրապետության բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր բանակցություններ վարել Օսմանյան կայսրության հետ և որոշակիորեն զսպել այդ երկրից եկող սպառնալիքները։
Ինչպես հայտնի է, 1918 թվականի ապրիլին Տրապիզոնում Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան սեյմի միջև ընդհատված բանակցությունները մայիսի սկզբին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը չափազանց ոգևորված էին ռազմի դաշտում իրենց արձանագրած հաջողություններից և ավելի նվաստացուցիչ պայմաններ էին ներկայացնում։ Վերջիններս մայիսի 26-ին վերջնագիր ներկայացրին անդրկովկասյան պատվիրակությանը, սակայն նույն օրը սեյմը լուծարվեց, և նորանկախ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է բանակցություններ վարեր թուրքական պետության հետ։
Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշում կայացրեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալեքսանդր Խատիսյանը, որն ամիսներ անց ստանձնելու էր Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, որոնց արդյունքում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը։ Բաթումի հաշտության պայմանագրի դրույթները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Պայմանագրով Թուրքիային էր մնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանից Կարսը, Կաղզվանը, Արդահանը, Ջավախքը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի գավառի երեք քառորդը, Երևանի և Էջմիածնի գավառների կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդը։
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը կարող էր ունենալ սահմանափակ թվով զորք։ Բացի դրանից՝ երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքական կողմին, որպեսզի վերջինս կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան՝ Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան ոչնչացնելու և Բաքվի նավթին տիրանալու համար։ Միևնույն ժամանակ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։
Այսպիսով՝ Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բաթումի պայմանագրի արդյունքում ստեղծված իրավիճակը լավագույնս բնորոշել է Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆը։ Նա մասնավորապես ասել էր. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր առմամբ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր շուրջ 28 հազար քառ. կիլոմետր տարածք՝ մոտավորապես ներկայիս Հայաստանի Հանրապետության չափ տարածք։
Միևնույն ժամանակ Բաթումի հաշտության պայմանագիրն անկախ Հայաստանի անունից ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Օսմանյան կայսրությունն առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։
«Մենք կբերենք հաշտության վատ պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»,- հայտարարել է Ալեքսանդր Խատիսյանը։
Բարեբախտաբար Բաթումի պայմանագիրը շատ կարճ կյանք ունեցավ և չվավերացվեց ո՛չ Հայաստանի, ո՛չ Օսմանյան կայսրության խորհրդարանների կողմից։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից, որի արդյունքում չեղարկվեցին կայսրության ստորագրած բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ Բաթումի դաշնագիրը։
Բաթումի պայմանագրի չեղարկման արդյունքում որոշակիորեն բարելավվեց Հայաստանի իրավիճակը, վերջինս կարողացավ ընդարձակել իր տարածքները, ինչի մասին կներկայացնենք «ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» շարքի հաջորդ հոդվածներում։
Յուրաքանչյուր նորանկախ պետության համար անվտանգության կարևոր միջոց են սեփական զինված ուժերը։ Ասվածն առավելապես վերաբերում է Հայաստանի առաջին հանրապետությանը, որը ձևավորվեց մայիսյան հերոսամարտերի արդյունքում, և վերջինիս վիճակված էր կռիվներով պահպանել իր գոյությունը։
Առաջին հանրապետության բանակը ձևավորվեց Կովկասում գործող Հայկական կորպուսի և հայ կամավորական խմբերի հիման վրա: Հայկական կորպուսը կազմավորվել էր ռուսական կայսերական իշխանությունների նախաձեռնությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի թուրքական ճակատում հայ կամավորների մասնակցությունը կազմակերպելու համար: Կորպուսի հրամանատարն անվանի գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր։
Կորպուսում կային երկու հրաձգային դիվիզիա, հեծելազորային, հրետանային, հետևակային բրիգադներ, մասնագիտացած այլ ստորաբաժանումներ: Սարդարապատում հենց Հայկական կորպուսը թուրքերին հասցրեց վճռական հարվածը և արևելահայությանը փրկեց ցեղասպանությունից: Նկատենք, որ սա բաց դաշտում հայ-թուրքական առաջին ճակատամարտն էր, որը պսակվեց հայերի փառավոր հաղթանակով:
Սակայն Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա: Դիվիզիայի հրամանատար նշանակվեց Սարդարապատի հերոսամարտի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը: Իսկ Հայաստանի զինվորական նախարարն այդ ժամանակ Հովհաննես Հախվերդյանն էր։
Հետագայում այս դիվիզիայի հիման վրա ձևավորվեց առաջին հանրապետության բանակը: 1918 թ. ամռանը բանակում հաշվառված էր 17.000 զինվորական, որից 900-ը՝ սպա: Պետականության ամրապնդման նպատակով և առկա մարտահրավերներին դիմակայելու պայմաններում հայկական բանակի թվաքանակն աճեց. 1919 թ. արդեն բանակում հաշվառված էր 30.000 մարտիկ, իսկ 1920 թվականի աշնանը տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի և հանրապետության անկման շրջանում այդ թիվը հասել էր 40.000-ի։
Անկախ Հայաստանի բանակի ձևավորման գործում մեծ դեր ունեցան ռուսական կայսերական բանակի նախկին սպաները, ինչպես նաև առանձին հայ ֆիդայիներ: Մասնավորապես, հայոց բանակում ծառայում էին ռուսական բանակի ավելի քան 20 նախկին գեներալ և տասնյակ բարձրաստիճան այլ սպաներ:
Add new comment