Submitted by Անի Երյան on
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում մի շարք անհիմն, փաստերը խեղաթյուրող և կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի, 2020 թվականի պատերազմի արդյունքների և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալության կողմից։

Ալիևի «խաղաղությունը»՝ միջանցքի, պարտադրանքի ու տարածքային հավակնությունների լեզվով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում  փաստերը խեղաթյուրող և անհիմն մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի, 2020 թվականի պատերազմի «արդյունքների» և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալության կողմից։

Ադրբեջանի պետական գործակալության հրապարակած բնագրում Ալիևը հայտարարել է.

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես գիտեք, մեր նախաձեռնությունն է եղել։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասը հանդիսացող Նախիջևանի հետ միացնելը մեր վաղեմի երազանքն է եղել։ Մենք քայլ առ քայլ շարժվում էինք դեպի այդ նպատակը և այժմ վստահությամբ ու մեծ վարպետությամբ մոտեցել ենք դրան»։

Ալիևը կրկին անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կապիտուլյացիայի արդյունք։ Նրա պնդմամբ՝ այդ փաստաթուղթը Հայաստանի համար «կապիտուլյացիայի ակտ էր», իսկ «Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձվել են առանց կրակոցի»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը դրանք «կամավոր չի վերադարձրել», այլ Ադրբեջանն է նրան ստիպել։

Ալիևը նաև պնդել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ բանակցությունների ընթացքում ինքն անձամբ է պահանջել փաստաթղթում ներառել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքի հարցը։

Նրա ներկայացմամբ՝ հայկական կողմը դժկամությամբ է համաձայնել, քանի որ, եթե պատերազմը շարունակվեր, հայկական կողմի կորուստները, իր գնահատմամբ, ավելի մեծ կլինեին։ Ալիևը հայտարարել է, որ հայկական զորքերը շրջափակված էին, և դրանց «ոչնչացումը լիովին հնարավոր էր»։

Այս հայտարարություններով Ադրբեջանի նախագահը 2020 թվականի պատերազմի ավարտի և նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ ներկայացնում է իր քաղաքական մեկնաբանությունը՝ մի շարք փաստեր ներկայացնելով միակողմանիորեն և խեղաթյուրելով դրանց պատմաքաղաքական համատեքստը։

Մասնավորապես, Ալիևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում է որպես «կապիտուլյացիայի ակտ» և պնդում է, թե դրանով հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող «միջանցքի» ստեղծմանը։

Ալիևը նաև հայտարարել է, որ 2020 թվականից հետո «Զանգեզուրի միջանցքի» հարցի իրականացման ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել, և մինչև 2025 թվականի օգոստոսը գործընթացը, իր բնորոշմամբ, «սառեցված» էր։

Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է ԱՄՆ-ի ներգրավումից հետո, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հարցը, իր գնահատմամբ, լուծում է ստացել։ Ալիևը հայտարարել է, որ TRIPP անվանումով նախագիծն արդեն իրականացվում է, և իրենք վստահ են, որ այն շուտով կիրականացվի։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Արևելք–Արևմուտք տրանսպորտային միջանցքի ճյուղ, իսկ հետագայում՝ նաև Հյուսիս–Հարավ տրանսպորտային ուղղության կարևոր հատված։ Օգոստոսի 12-ին ադրբեջանական Report-ը, հղում անելով նույն հարցազրույցին, փոխանցել է նաև Ալիևի հայտարարությունը, որ միջանցքի բացումից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կգործարկվի երկրորդ երկաթուղային ուղղությունը։

Ալիևը միաժամանակ պնդել է, որ այս երթուղով կարող է տեղափոխվել առնվազն 15 միլիոն տոննա բեռ։

«15 միլիոն տոննա կամ ավելի բեռի տեղափոխումը, իհարկե, այստեղ շատ ավելի մեծ ակտիվության կհանգեցնի»,– ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դրա արդյունքում Նախիջևանը կարող է վերածվել տարածաշրջանի «անփոխարինելի տրանսպորտային կենտրոններից մեկի»։

Այսպիսով, օգոստոսի 11-ի հարցազրույցում Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» ներկայացրել է ոչ թե պարզապես որպես տրանսպորտային նախագիծ, այլ որպես Ադրբեջանի երկարամյա նպատակ, որի իրականացմանը, իր խոսքով, Բաքուն արդեն մոտեցել է։

Հատկանշական է նաև Ալիևի ձևակերպումը, թե այդ գաղափարը եղել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը», իսկ դրա իրականացման ճանապարհին իրենք շարժվել են «վստահությամբ և մեծ վարպետությամբ»։

Այսպիսով, խաղաղության և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հռետորաբանությանը զուգահեռ Ադրբեջանի նախագահը շարունակում է բացահայտ առաջ մղել Բաքվի «Զանգեզուրի միջանցք» օրակարգը և միաժամանակ 2020 թվականի պատերազմի ու դրա ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ներկայացնել իր միակողմանի մեկնաբանությունը։

 

Add new comment