Submitted by D.Guyumjyan on
55

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է անում անհապաղ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի դրոշն այրած քաղաքացուն

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն պնդել է, որ «այս գործողությունը Հայաստանում Ադրբեջանի դեմ ազգամիջյան ատելության հերթական դրսևորումն է»։ Ադրբեջանական կողմը նշել է, որ Հայաստանի կառավարությունը՝ որպես միջոցառումը կազմակերպող կողմ, պետք է ժամանակին կանխեր նման միջադեպերը և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ։

«Չնայած հանցագործն ի սկզբանե կալանավորվել էր, սակայն շռայլ ծափահարություններով նրա հետագա ազատ արձակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Հայկական կողմը պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկի ատելության այս հանցագործությունը կատարած անձին»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային կոչ է արել միջադեպի կազմակերպիչների դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Հայտարարությունում նշվել է, որ «այս միջադեպը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի, Միջազգային օլիմպիական կոմիտեի և սպորտային մրցաշարերի համար համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների կողմից ընդունված վարքագծի կանոնների կոպիտ խախտում է»։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում դիզայներ Արամ Նիկոլյանը ցուցադրաբար այրել էր Ադրբեջանի դրոշը, ինչից հետո նա ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակվել։

Add new comment