Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան
Շուշիի վերադարձի և Հադրութի դեօկուպացիայի մասին նախկինում գրված էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ այդ օրակարգը փոխելու հարցում իրեն իբր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են պարտադրել»։
Կառավարության նիստում Փաշինյանը խոստովանել է, որ 2021 թվականի ընտրություններին իշխանության նախընտրական ծրագիրը դեռևս ներառում էր Երրորդ Հանրապետության գաղափարաբանության առանցքային դրույթները, այդ թվում՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին ձևակերպումները։
Սակայն, ըստ նրա, նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցածը ստիպել է իշխանությանը վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը։
Հատկանշական է, որ Փաշինյանն այսօր այդ գաղափարաբանությունը կապում է նաև Ղարաբաղյան շարժման հետ՝ նշելով, որ ավագ և միջին սերնդի քաղաքական գործիչների գրեթե ամբողջ սերունդը սերում է հենց այդ շարժումից։
Այժմ այդ նախկին մոտեցումը Փաշինյանը հակադրում է իր առաջ քաշած «խաղաղության օրակարգին», «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը և «Չորրորդ Հանրապետության» տեսլականին։
Փաստորեն, այն, ինչ նախկինում իշխանության իսկ նախընտրական ծրագրում ներկայացվում էր որպես քաղաքական նպատակ, այսօր ներկայացվում է որպես անցյալում թողնվող գաղափարաբանություն, իսկ այն քաղաքական սերունդը, որի ձևավորման հիմքում Արցախյան շարժումն էր, ներկայացվում է որպես անցնող ժամանակաշրջանի մաս։
Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է արժենա այդ նոր իրականությունը Հայաստանի համար։
Եթե «նոր էջ բացելը» նշանակում է մոռանալ կամ վերանայել այն էջերը, որոնցում արձանագրված են Արցախի հայության պատմությունը, Արցախյան շարժումը, Շուշին ու Հադրութը, ապա սա պարզապես քաղաքական հայեցակարգի փոփոխություն չէ։ Սա պատմական հիշողության և ազգային օրակարգի վերաձևավորման փորձ է։
Եվ ամենակարևորը՝ երբ Հայաստանը հրաժարվում է իր իսկ նախկին ձևակերպումներից, իսկ Ադրբեջանը շարունակում է իր իբր պատմական ու տարածքային թեզերը ներկայացնել որպես անվիճելի ճշմարտություն, ո՞ւմ է իրականում ձեռնտու Հայաստանի այս նոր օրակարգը։
Փաշինյանի «Չորրորդ Հանրապետությունը» կառուցվում է խաղաղությա՞ն, թե՞ սեփական պատմությունից հրաժարվելու, Արցախյան շարժման ժառանգությունը մերժելու, Արցախի էջը փակելու և Բաքվին ձեռնտու նոր իրականություն ձևավորելու գնով։
Add new comment