Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի իշխանափոխությունն իր երկրի առջև կանգնած «գլխավոր խնդիրն» է համարում՝ պնդելով, որ այդ նպատակն իրագործելի է։
«Այս ռեժիմն այժմ երերում է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ և պայքարում է գոյատևման համար», - սեպտեմբերի 3-ին Իսրայելի ռազմական ղեկավարության մասնակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ իրենք կարող են «մեկընդմիշտ վերացնել սպառնալիքը՝ տապալելով Իրանի ռեժիմը»։ «Դա մեր առջև դեռ կանգնած գլխավոր խնդիրն է, բայց այն մոտ է։ Դա անհնար չէ, այն հասանելի է», - ասել է նա։
Նեթանյահուն պնդել է, որ Իրանի իշխանությունների թուլացումն է նաև պատճառը, որ Թեհրանն այլևս հարձակումներ չի իրականացնում Իսրայելի դեմ։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 28-ին։ Հարվածների առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, հետագա հարձակումների ընթացքում՝ նաև երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության տասնյակ ներկայացուցիչներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի հիմնական նպատակ է հայտարարել թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Վերջին շրջանում նա որպես կարևոր նպատակ մատնանշում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացումը։
Add new comment