Submitted by D.Guyumjyan on
DETQ

Բայրամովը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բացի դրանից՝ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանին մեղադրել «պարբերաբար ռազմաքաղաքական սադրանքներ» իրականացնելու մեջ։ Նրա խոսքով՝ «նման սադրանքները խաթարում են Ադրբեջանի խաղաղ և կառուցողական ջանքերը»։

«Հայաստանը դեռ դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, խոչընդոտում է Ադրբեջանի՝ հայ բնակչությանը վերաինտեգրելու ջանքերին և դեմ է Լաչինի ճանապարհի չարաշահումները կանխելու համար սահմանային անցակետ ստեղծելու առաջարկին»,- հայտարարել է նա։

Բայրամովը նաև հավելել է, որ Բաքուն վճռական է տրամադրված խաղաղության օրակարգն առաջ մղելու համար իր ջանքերը շարունակելու հարցում։

Դերեկ Հոգանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։

Add new comment