Submitted by H.Andreasyan on
Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան

Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան

Կա մի նրբություն, որը վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, որին, սակայն, չենք անդրադարձել: Խնդիրն այն է, որ մենք անդրադարձ ենք արել ԼՂ ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս նշել է Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք կողքի: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն նշանակում է՝ ա) կարգավիճակը վերանայել և փոխել, բ) վերանայել և չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա+Բ կամ Ա-Բ կարգավիճակ: Առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել ու դարձնել Բ կարգավիճակ, ապագա որևէ կարգավիճակի, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ-որ մի բանի մաս ես: Հիմա մենք ինքներս մեր ձեռքերով բանակցային, քաղաքական այս իրողություն ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ուզում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ շատ կարևոր է՝ խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:

Add new comment