Submitted by H.Aslanyan on
Զինվոր

Երբ «հերոս» բառը գնալով արժեզրկվում է` ստանալով կենցաղային նշանակություն

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը ներկայացրել էր տեսանյութ, որտեղ պատմում էր Առատաշեն գյուղում փոքր բիզնես հիմնադրած երիտասարդ աղջկա` Հերմինե Մնացականյանի մասին։

«Մեր օրերի հերոսը». այսպես էր վերնագրված տեսանյութը։

Արցախյան 44-օրյա պատերազմի սարսափելի կորուստներից, Արցախի հանձնումից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին բանակը կազմաքանդելու, այն արժեզրկելու, հայ զինվորի սխրանքը նսեմացնելու և նրա դերը ստորադասելու քաղաքականությունը։

Հերոս բառը ևս առաջվա ընկալումը չունի, քանի որ գործող իշխանությունը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, փորձում է կենցաղային մակարդակի հասցնել այն` հերոս համարելով ընդհուպ հարկ վճարողին։ 

Հերոսը այլևս միայն սահմանին կանգնած, հայրենի հողը սեփական կյանքի ու արյան գնով պաշտպանած կամ պաշտպանելու պատրաստ հայ զինվորը չէ, սեփական զինակցին փրկածը չէ, այլ սովորական քաղաքացին, որը որոշել է զբաղվել բիզնեսով և հարկ վճարել։

Անխոս, գովելի է, երբ երկրի կառավարությունը խրախուսում է սեփական երկրում ապրող, արարող ու ստեղծագործ քաղաքացուն, բայց երբ նրա գործն ու երկրի համար կյանքը զոհաբերած զինվորի սխրանքը դրվում են կշեռքի միևնույն նժարի վրա, դա աստիճանաբար ազդում է նաև հասարակական մտածելակերպի ու գիտակցության վրա. հերոս բառը իր նախկին ընկալումը կորցնում է` դառնալով կենցաղային ու սովորական, քանզի հերոս կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը, բավական է միայն փոքր բիզնես հիմնադրի։

 

Add new comment