Submitted by H.Aslanyan on
Արտակ

1254 նամակ՝ Բաքվում պահվող հայ գերիներին․ Բեգլարյանը դրանք փոխանցում է կառավարությանը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներից Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված 1254 նամակ փոխանցվելու է ՀՀ կառավարությանը՝ ակնկալիքով, որ իշխանությունները դրանք կհասցնեն հասցեատերերին։

Նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Նախատեսվում էր, որ մի խումբ կանայք, այդ թվում՝ գերիների հարազատներ, կայցելեն Բաքվում պահվող հայերին, սակայն, Բեգլարյանի խոսքով, Ադրբեջանը չի արձագանքել նախաձեռնությանը, իսկ Հայաստանի կառավարությունը «գործնական, պատշաճ աջակցություն չի ցուցաբերել»։

Նրա խոսքով՝ նամակներն ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից՝ հայերի և օտարերկրացիների կողմից, և ունեն բացառապես մարդասիրական՝ քաջալերող ու հուսադրող բովանդակություն։

«Հայաստանի կառավարությունն այլ տարբերակ չունի, քան այս նամակները տեղ հասցնել։ Իրենք ունեն և՛ երկկողմ շփումներ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և՛ երրորդ կողմերի, որոնց միջոցով շփվում են, փոխանակվում նամակներով ու փաստաթղթերով»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ նամակները կարող են փոխանցվել մարդասիրական կամ միջնորդական որևէ խողովակով, իսկ հիմնական ակնկալիքն այն է, որ դրանք ողջամիտ ժամկետում հասնեն գերիներին։

«Եթե բավարար հանրային ճնշում լինի, Հայաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել։ Եթե հանրային ճնշումը չլինի, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, պարզապես ականջի հետև կգցեն, կքնեցնեն այս հարցը»,- ասել է Բեգլարյանը։

 

Add new comment