Submitted by H.Aslanyan on
Նեթանյահու

Իսրայելը մտադիր է դառնալ ստորջրյա և վերջրյա պատերազմի համաշխարհային առաջատարներից մեկը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի ռազմածովային հնարավորությունները զգալիորեն ընդլայնելու ծրագրերի մասին՝ ծովում Իրանի և հութիների կողմից աճող սպառնալիքների ֆոնին։

Այդ մասին Նեթանյահուն ասել է Աշդոդում ռազմածովային բազա այցելության ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ նրա, ծովային տարածքը վերածվել է «միջազգային մարտադաշտի», մասնավորապես՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում և հութիների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առկա սպառնալիքների պատճառով։

«Մեր թշնամիները ցանկանում են սպառնալ մեր ծովային տարածքներին Միջերկրական ծովում, մեր նավահանգիստներին և ծովային հաղորդակցությանը։ Իհարկե, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն բազա է այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին։ Նա հայտնել է, որ իսրայելական ուժային կառույցները ձգտում են ընդլայնել ստորջրյա և վերջրյա նավատորմը՝ ներառյալ նոր սուզանավերի, նավերի և այլ ռազմական հնարավորությունների ձեռքբերումը։

«Վեցերորդ սուզանավը ժամանել է Իսրայել։ Նրանք ավելի շատ են ուզում՝ ավելի շատ նավեր և այլ հնարավորություններ, որոնց մասին ես այստեղ խոսել չեմ պատրաստվում», — ասել է վարչապետը։

Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է Իսրայելը դարձնել «համաշխարհային առաջատարներից մեկը» ինչպես վերջրյա, այնպես էլ ստորջրյա պատերազմում։

 

Add new comment