Submitted by H.Aslanyan on
Կարեն

Ելքեր է պետք առաջարկել, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենայի ամեն ասածը բերել հայկական մեդիադաշտ. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ընկերնե՛ր, ամեն անգամ «Արևմտյան Ադրբեջան» բառակապակցությունն արտասանելիս, ադրբեջանական այդ ուղերձն եք ևս մեկ անգամ նյութական ու շոշափելի դարձնում մարդկանց գլխում։

Մտածե՞լ եք, որ այդ ագրեսիվ եզրը մշտապես շրջանառելը վաղուց արդեն ոչ թե ահազանգ է վտանգի մասին, այլ հակառակը՝ հաշտեցում է այդ մտքի հետ։

Ելքեր է պետք առաջարկել, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենայի ամեն ասածը բերել հայկական մեդիադաշտ, թեկուզ և «վայ-վայ, տեսե՛ք հլը, թե սրանք ինչ են ասում» մեկնաբանությամբ։

Այսպիսի քարոզչությամբ մարդկանց ոչ թե զգոնացնում եք, այլ հակառակը՝ շշմացնում, սովորական դարձնում Հայաստանի զավթման անխուսափելիության միտքը։

Անընդհատ մի՛ կրկնեք Հայաստանի գաղութացմանն ուղղված նարատիվների այդ տարրերը. «Արևմտյան Ադրբեջան», «Իրական Հայաստան», «Չորրորդ Հանրապետություն» ևն։

Կենտրոնացե՛ք դիմադրության հնարավոր տարբերակները քննարկելու, դիմադրության գիտությունն ուսումնասիրելու վրա։ Մշակեք և օգտագործեք ազատագրման, այլ ոչ թե գաղութարարների և օկուպանտների պարտադրված բառապաշարը...

 

Add new comment