Submitted by H.Aslanyan on
ԱԹՍ

Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին

Ռուսաստանը և Ուկրաինան այս գիշեր ևս շարունակել են փոխադարձ հարվածները։ Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին երկու տարվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումներից մեկին։ Մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 5-ի 20։30-ից մինչև հոկտեմբերի 6-ի 5։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 650 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մարզի տարածքից դուրս, 105-ը՝ մայրաքաղաքին մոտենալիս։

Գիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ։ ԱԹՍ-ներ են ոչնչացվել մարզի 16 մունիցիպալիտետներում։ Եվս 6 մարդ վիրավորվել է։

Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 137 ԱԹՍ, որոնցից խոցվել է 114-ը։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Զապորոժիեում թիրախավորվել է Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը։

Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 5 մարդ տուժել է, այդ թվում՝ Կարմիր խաչի երկու աշխատակից։ Նաև վնասվել է բարձրահարկ բնակելի շենք։

Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վնասվել է մասնավոր ձեռնարկություն։ Կիևում առավոտյան հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության տանիքում։

Իսկ հոկտեմբերի 5-ի ցերեկը Խարկովին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել էր 6 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։

 

Add new comment