Իրանի և արաբական միապետությունների փոխհարաբերությունների առանձնահատկությունն Իսլամական հեղափոխությունից հետո

Իրանի և արաբական միապետությունների փոխհարաբերությունների առանձնահատկությունն Իսլամական հեղափոխությունից հետո

Իրանի և արաբական միապետությունների փոխհարաբերությունների առանձնահատկությունն Իսլամական հեղափոխությունից հետո

Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորումից հետո անհրաժեշտ էր վերանայել շահական ժամանակներից ժառանգություն մնացած բարեկամ և ոչ բարեկամ արաբական պետություններից ցանկը՝ ելակետ ունենալով արտաքին քաղաքականության բնագավառում որդեգրած նոր սկզբունքները:

Արաբական երկրներն իրենց հերթին անթաքույց տագնապ էին ապրում՝ կապված Իրանում տեղի ունեցած փոփոխությունների և արտաքին քաղաքականության նոր սկզբունքների հետ՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կարող է վերածվել ագրեսիվ պետության, զենքի միջոցով խախտել ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը և իրենց պարտադրել հասարակության սոցիալ-տնտեսական ու քաղաքական սեփական մոդելը:

Իրանա-եգիպտական հարաբերությունների սրումը և խզումը

Առաջինը վերանայվեցին իրանա-եգիպտական հարաբերությունները, որոնք անմիջապես ընդունեցին սուր, կարելի է ասել բացահայտ առճակատման բնույթ, որը պայմանավորված էր մի քանի հանգամանքով:
Երբ Իրանի շահ Մուհամմադ Պահլավին 1979 թ. հունվարի 16-ին իր ընտանիքով հեռացավ երկրից, սկզբնական շրջանում նա հանգրվանեց Եգիպտոսում: Թեև շուտով նա հեռացավ այնտեղից, սակայն որոշ դեգերումներից հետո՝ Մարոկկո, Բահամյան կղզիներ, Մեքսիկա, ԱՄՆ, Պանամա, 1980 թ. մարտին կրկին վերադարձավ Եգիպտոս՝ արժանանալով Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի ամենաջերմ ընդունելությանը:
ԻԻՀ-ի ղեկավարությունը, որն ուշադրությամբ հետևում էր շահի և նրա ընտանիքի տեղաշարժերին, պահանջում էր շահին հանձնել Իրանին: Անվար Սադաթը ոչ միայն հրաժարվեց շահին իրանական իշխանություններին հանձնելուց, այլև նրան քաղաքական ապաստան տվեց՝ թույլատրելով, որ նրա ընտանիքի անդամները ևս մշտական բնակություն հաստատեն Եգիպտոսում: Շահը մնաց Եգիպտոսում մինչև իր մահը՝ 1980 թ. հուլիսի 27-ը:
Հենց Կահիրեում էլ Մուհամմադ Պահլավիի որդին՝ Ռեզան, 1980 թ. հոկտեմբերի 31-ին հռչակվեց Իրանի նոր միապետ: Շահին աջակցելը և նրան ապաստան տալն առաջին լուրջ ճեղքվածքն առաջացրին Իրանի և Եգիպտոսի փոխհարաբերություններում: Եգիպտա-իսրայելական հաշտության hաջորդ պայմանագիրը ստորագրվեց 1979 թ. մարտին Քեմփ-Դևիդի համաձայնագրի շրջանակում: Իմամ Խոմեյնին և նրա զինակիցները, որոնք դեռ նոր էին վերադարձել Իրան և իրենց ձեռքը վերցրել իշխանությունը, խիստ բացասաբար վերաբերեցին դրան: Նրանք գիտեին, որ այդ պայմանագրի հետևում կանգնած էր ԱՄՆ-ն, և դրա կնքումն ուժեղացնում էր վերջինիս դիրքերը Մերձավոր Արևելքում: Իրանի ղեկավարության կարծիքով՝ պայմանագիրը ծառայում էր նաև Իսրայելի շահերին: Իսկ Խոմեյնին արդեն պայքար էր հայտարարել Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ՝ խոստանալով օգնել Պաղեստինի արաբ ժողովրդին տիրանալ իր օրինական իրավունքներին, իսկ փախստականներին՝ վերադառնալ իրենց հայրենի օջախները: Քաղաքական նման մոտեցման պայմաններում Եգիպտոսն Իրանի ղեկավարության աչքում երևում էր որպես ամերիկյան իմպերիալիզմի և սիոնիզմի հարազատ զավակ, Իսրայելի կամակատար, որպես գործիք նրանց ձեռքում, որը վերջին հաշվով ուղղված էր նաև Իրանի դեմ:

Մյուս կողմից՝ Եգիպտոսի ղեկավարությունը մեծ անհանգստությամբ էր հետևում Իրանում կրոնապետների իշխանության հաստատմանը, որը մեծապես խթանեց իսլամական ալիքի բարձրացումը, իսլամական զանազան կազմակերպությունների կազմավորումը և նրանց գործունեության ակտիվացումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում: Անվար Սադաթը, որը ժամանակին հարել էր «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական կազմակերպությանը, հստակ պատկերացնում էր, թե իր իշխանության համար ինչպիսի վտանգ կարող են ներկայացնել իսլամական ֆունդամենտալիզմը և նրա դիրքերի ամրապնդումը Եգիպտոսում:

Իրանական Իսլամական հեղափոխության ազդեցության տակ Եգիպտոսում, իրոք, գլուխ բարձրացրեց «Մուսուլման եղբայրները», ինչպես նաև ասպարեզ եկան իսլամական այլ կազմակերպություններ, որոնք չէին թաքցնում իրենց համակրանքն իմամ Խոմեյնիի հռչակած սկզբունքների նկատմամբ և բացեիբաց հանդես էին գալիս Եգիպտոսում ևս իրանական մոդելի վարչակարգ հաստատելու օգտին: Այդ հարցում նրանք վայելում էին Իրանի աջակցությունը և արժանանում վերջինիս բարոյական խրախուսանքին: Անվար Սադաթն ամեն կերպ ձգտում էր չեզոքացնել իրանական ազդեցությունը: Մյուս կողմից՝ նա խստորեն հետապնդում էր իսլամական կազմակերպություններին, այդ ուղղությամբ, սակայն, ոչ միայն հաջողության չհասավ, այլև 1981 թ. հոկտեմբերին իսլամական ճակատից արձակված գնդակի զոհը դարձավ:

Անվար Սադաթի սպանվելուց և Հուսնի Մուբարաքի՝ Եգիպտոսի նախագահ դառնալուց հետո՝ 80-ական թվականներին, իրանա-եգիպտական հարաբերություններն էլ ավելի սրվեցին: Դա կապված էր այն հանգամանքի հետ, որ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Եգիպտոսը պաշտպանում էր Իրաքին՝ ցուցաբերելով նրան ամենալայն օգնություն։

Իրանա-սաուդյան հարաբերությունների սրումը և առճակատումը

Խիստ բարդ ընթացք ստացավ հարաբերությունների զարգացումն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, և դա բնական էր: Սաուդյան Արաբիայում են գտնվում իսլամական աշխարհի երկու կարևոր հոգևոր կենտրոններն ու սրբավայրերը՝ Մեքքան և Մադինան, որոնք հավասարապես ընդունելի և պաշտելի են աշխարհի բոլոր մուսուլմանների՝ թե՛ սուննիների, թե՛ շիաների համար, դրանք, սակայն, միևնույն ժամանակ սուննիզմի կենտրոններն են: Սաուդյան Արաբիան հաշտ աչքով չէր նայում իրանական հեղափոխության ազդեցության տակ շիիզմի ալիքի բարձրացմանը և ուժեղացմանը, մանավանդ որ այն զուգակցվում էր միապետական կարգերի տապալման և հանրապետական կարգերի հաստատման հետ: Դա խիստ մտահոգում էր սաուդական կառավարող ընտանիքին:
Իրանա-սաուդական լարվածությունը 1987 թ. վերածվեց բացահայտ բախումների իրանական ուխտագնացությունների ժամանակ: Սպանվեցին բազմաթիվ ուխտագնացներ, ինչպես նաև ոստիկաններ: Սաուդյան կողմն իրանական ուխտագնացների դեմ կիրառված քայլերը բացատրում էր նրանով, որ վերջիններս Մեքքա ուխտի գնալու հնարավորությունն օգտագործել էին քաղաքական նպատակների համար, ցույցեր էին կազմակերպել և զբաղվել հակասաուդական քարոզչությամբ:
Այդ արյունալի իրադարձությունները ծանր ազդեցություն թողեցին ամբողջ մուսուլմանական աշխարհի վրա՝  տարաձայնություններ առաջացելով մուսուլմանների միջև:

Արաբ սուննիները և կառավարությունները հանդես եկան Սաուդյան Արաբիայի, իսկ շիաները՝ Իրանի պաշտպանությամբ: Այդ իրադարձությունների թարմ ազդեցության տակ Իրանն առաջ քաշեց Սաուդյան Արաբիայում գտնվող իսլամական սրբավայրերն իսլամական միջազգային իշխանության կամ ուժերի հսկողության տակ դնելու հարցը՝ զրկելով Սաուդյան Արաբիային նրանց նկատմամբ որևէ իրավունքից: Սաուդյան Արաբիան կտրուկ մերժեց այդ անբանական առաջարկությունը՝ համարելով դա ոտնձգություն իր սուվերեն իրավունքների նկատմամբ: 1987 թ. Ամանում գումարված արաբական երկրների գագաթնաժողովը լիովին պաշտպանեց Սաուդյան Արաբիային և ընդունեց հատուկ որոշում, որտեղ ասված էր, որ միայն նրան է պատկանում Մեքքա կատարվող ուխտագնացության կազմակերպման ու դրա հետ կապված կարգավորումների պահպանման իրավունքը, և նրա տարածքում գտնվող սրբավայրերը պետք է գտնվեն բացառապես սաուդյան իշխանությունների իրավասության ներքո:

Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս միապետությունների հետ Իրանի հարաբերությունների սրմանը նպաստում էր նաև այն հանգամանքը, որ իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում արաբական այդ պետությունները քաղաքական աջակցություն և ֆինանսական լայն օգնություն էին ցուցաբերում Իրաքին:

Ի վերջո, 1988 թ. մայիսին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Սակայն պետք է նշել, որ չնայած Սաուդյան Արաբիայի ազդեցությանը Պարսից ծոցի արաբական երկրների վրա և նրա առաջատար դերին Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդում, որի կազմում Սաուդյան Արաբիայի հետ միասին մտնում են նաև Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, նրանցից և ոչ մեկը չհետևեց Սաուդյան Արաբիայի օրինակին ու չխզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Սակայն նրանք, չնայած Իրանի դժգոհությանը, չդադարեցրին նաև իրենց օգնությունն Իրաքին: Ստացվեց այնպես, որ երկու կողմերն էլ հաշտվեցին նոր ստատուս քվոյի հետ:

Add new comment