Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը. Ալիև
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը, ինչպես նաև երկրի վարած քաղաքականությունը պատմական հնարավորություն են ստեղծել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության համար»։
Նա որպես այդ ուղղությամբ կարևոր քայլեր նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է նաև վստահության ամրապնդում և հակամարտության հումանիտար հետևանքների վերացում»։
Ալիևը պնդել է, թե Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ իբր ավելի քան երեք տասնամյակ տևած «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած է գրանցվել 4010 ադրբեջանցի, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ։ Նա նաև հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն այդ տարիներին արդյունք չի տվել։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ պատերազմի և տարածքների այսպես կոչված «ազատագրումից» հետո «նոր հնարավորություններ են ստեղծվել անհետ կորած քաղաքացիների որոնման համար»։ Նա նշել է, թե Ադրբեջանի համապատասխան պետական հանձնաժողովն ակտիվացրել է աշխատանքները՝ անհետ կորածների գտնվելու վայրերը պարզելու և զանգվածային գերեզմաններ հայտնաբերելու ուղղությամբ։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել բոլոր հնարավորությունները անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար՝ ընդգծելով, որ նրանցից ոչ մեկը մոռացված չէ։
Ալիևը նաև կոչ է արել Հայաստանին տրամադրել այսպես կոչված «անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար»։
Add new comment