Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն Իսլամական հեղափոխությունից հետո. հեղափոխության «արտահանման» հայեցակարգը

Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն Իսլամական հեղափոխությունից հետո. հեղափոխության «արտահանման» հայեցակարգը

Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն Իսլամական հեղափոխությունից հետո. հեղափոխության «արտահանման» հայեցակարգը

Իրանն իր աշխարհագրական դիրքի, բնական հարստությունների, առաջին հերթին՝ նավթի, տնտեսական ներուժի, պետականության մեծ փորձի, ավանդական զգուշավոր ու ճկուն դիվանագիտության և այլ գործոնների շնորհիվ տևական ժամանակ է՝ կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում: Զարմանալիորեն դարերի ընթացքում նա կարողացել է պահպանել այդ առաջնակարգ դերակատարությունը և այսօր էլ մեծապես ազդում է Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների բնույթի և տարածաշրջանում քաղաքական մթնոլորտի ձևավորման վրա:

Իրանը մերձավորարևելյան քաղաքական-ռազմավարական համակարգի ամենաազդեցիկ պետություններից մեկն է, որի հետ չեն կարող հաշվի չնստել ինչպես հարևան երկրները՝ արաբական երկրները, Թուրքիան, Հայաստանը և այլն, այնպես էլ աշխարհագրական առումով այդ տարածաշրջանին չպատկանող՝ այս աշխարհի հզորները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ պետություններ:

Անվիճելի է, որ նորագույն շրջանում Իրանն իր քաղաքական և ռազմական հզորությանը հասավ Իսլամական հեղափոխության վաղորդայնին: Սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի հետ քաղաքական ու ռազմական ասպարեզներում և նրանից ստանալով վիթխարի ռազմական օգնություն՝ շահը ստեղծեց հզոր զինված ուժեր: Դրան համապատասխան ձևավորվեց Իրանի արտաքին քաղաքականության դոկտրինան, և որոշվեցին նրա տեղն ու դերակատարումը Մերձավոր Արևելքում:

Համաձայն այդ դոկտրինայի՝ Իրանը նախ՝ կոչված էր լրացնելու այն քաղաքական վակուումը, որը, արևմտյան քաղաքական շրջաններում տիրապետող մտայնության համաձայն, իբրև թե առաջացել էր Պարսից ծոցի շրջանում Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Եվ ԱՄՆ-ն, ինչպես նաև արևմտյան մյուս պետությունները, ամեն կերպ խրախուսում, ռազմական օգնություն և քաղաքական աջակցություն էին ցույց տալիս Իրանին նրա կողմից այդ կարևոր «առաքելությունը» հաջողությամբ իրականացնելու համար:

Երկրորդ՝ Իրանը դիտվում էր որպես հուսալի ռազմական պատվար Խորհրդային միության ագրեսիվ մղումների ճանապարհին՝ ուղղված դեպի հարավ, դեպի Իրան, արաբական երկրներ, մասնավորապես Միջերկրականի տաք ջրերը: Շահը մեծ հաճույքով էր ձգտում կատարել իր երկրի վրա դրված այդ «պատվավոր» առաքելությունը ՍԵՆՏՕ-ի ռազմական բլոկի իր դաշնակիցներ Պակիստանի և Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ համատեղ:

Երրորդ՝ շահական Իրանն իր վրա էր վերցրել տարածաշրջանում ոստիկանական ֆունկցիաների կատարումը՝ ազգային-ազատագրական շարժումների ճնշում Պարսից ծոցի ավազանում, պահպանողական միապետական վարչակարգերին սպառնացող վտանգների դիմագրավում և այլն: Շահի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն էր թույլ չտալ, որ սասանվեն, առավել ևս տապալվեն տարածաշրջանի միապետությունները:

Չորրորդ՝ շահը վերոհիշյալ խնդիրների իրականացման հետ մեկտեղ հետամուտ էր Իրանի ազդեցության ուժեղացմանը և դիրքերի ամրապնդմանը Մերձավոր Արևելքում: Եվ այդ բնագավառում նա քիչ հաջողությունների չհասավ, թեև ձգտում էր ավելիին՝ Իրանը վերածել տարածաշրջանային մի այնպիսի գերհզոր պետության, որից այս կամ այն չափով կախման մեջ գտնվեին մյուս պետությունները:

70-ական թվականների կեսերին թվում էր, գոնե արտաքուստ, որ Իրանի դիրքերը շատ ամուր են: Նման պատկերացմանը նպաստում էր ոչ միայն իրանական լավ զինված բանակը, այլև սերտ հարաբերությունները սադաթյան Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի, այսինքն՝ այն պետությունների հետ, որոնք Իրանի հետ միասին ընթանում էին ԱՄՆ-ի քաղաքականության նախագծած հունով:

Սակայն 1979 թ. փետրվարյան հեղափոխությունն այաթոլլահ Խոմեյնիի գլխավորությամբ հիմնովին ցնցեց Իրանը: Տապալվեց շահական վարչակարգը, և Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Դրան համապատասխան տեղի ունեցավ արժեքների համընդհանուր վերագնահատում:

Շահի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունը համարվեց սխալ և Իրանի ազգային պետական շահերին հակասող: Նոր ղեկավարության կարծիքով՝ այդ քաղաքականությունն ավելի շատ բխում էր ԱՄՆ-ի և արևմտյան այլ պետությունների շահերից:

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավարությունն Իրանի բարեկամ պետությունների ցանկից հանեց ԱՄՆ-ն, և վերջինս հայտնվեց նրա ամենամեծ հակառակորդների ցանկում: Վերանայվեցին հարաբերությունները նաև Խորհրդային միության հետ, որը կոչվեց «կարմիր շեյթան»՝ կարմիր սատանա: Սակայն միաժամանակ շեշտվեց, որ եթե «կարմիր շեյթանը» հարգի Իրանի անկախությունը և գերիշխանությունը, ապա Իրանը երբեք զենք չի դառնա ԱՄՆ-ի ձեռքում՝ ուղղված ԽՍՀՄ-ի դեմ:

Հարաբերությունների վերանայումը երկու գերհզոր պետությունների և լարվածության առաջացումը մանավանդ ԱՄՆ-ի հետ չէին կարող չանդրադառնալ Մերձավոր Արևելքի իրադրության վրա: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ինչպես Իրանի ողջ համակարգի, այնպես էլ արտաքին քաղաքականության հիմքում դրվեցին իսլամական ֆունդամենտալիզմի սկզբունքները՝ նրանց շիական ընկալմամբ և մեկնաբանությամբ: Դա միանգամայն նոր երևույթ էր միջազգային հարաբերությունների բնագավառում, որը բխում էր Իրանի՝ աստվածապետության վերածվելու իրողությունից:

Իրանի Իսլամական հեղափոխությունը համարվում է համաշխարհային պատմական երևույթ, որն իր նշանակությամբ դուրս է գալիս իրանական ազգային շրջանակներից, իսկ նրա սկզբունքները կիրառելի են դառնում համայն մարդկության և, իհարկե, առաջին հերթին մուսուլմանական ժողովուրդների համար:

Իրանի նոր ղեկավարները համոզված էին, որ արևմտյան (կապիտալիստական) և արևելյան (սոցիալիստական) մոդելներով հնարավոր չէ հասնել համայն մարդկության առջև ծառացած քաղաքական, տնտեսական և ազգային հիմնախնդիրների լուծմանը: Նրանք վստահ էին, որ միայն իսլամական ֆունդամենտալիզմի շրջանակում և սկզբունքների հիման վրա կարելի է հասնել մարդկության երջանկությանը: Այստեղից էլ առաջացել է ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության կարևոր հիմնադրույթներից մեկը՝ Իսլամական հեղափոխության և նրա հռչակած սկզբունքների «արտահանման» թույլատրելիությունը:

Իրանում 1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակն էականորեն փոխեց Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող ուժերի դասավորվածությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Հեղափոխությունից հետո Իրանի վարած քաղաքականության գլխավոր բնութագրիչներն էին՝ Իրանի անկախության պահպանում, արտաքին միջամտության բացառում, ինչպես նաև երկրի տնտեսական անկախության պահպանում (արտաքին երկրների հետ չստորագրել պայմանագիր, որը երկիրը կդնի տնտեսական կախման մեջ):

Իրանում հաստատված իսլամական վարչակարգի արտաքին քաղաքականության հայեցակարգում գլխավոր տեղ հատկացվեց հեղափոխության «արտահանմանը»: Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Իրանը փորձում էր «արտահանել» հեղափոխությունը տարածաշրջանի այլ երկրներ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին կոչ էր անում ստեղծել իսլամական կառավարություններ, որոնք չեն ենթարկվի գերտերություններին: Նա կարծում էր, որ արաբական աշխարհը պետք է ընդունի Իրանի քաղաքական գերակայությունը և գնա այն ճանապարհով, որով Իրանը: Այս նպատակներին հասնելու համար Իրանի հոգևոր վերնախավը հրաժարվում էր ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելուց և սրբազան պատերազմ՝ ջիհադ հայտարարելուց: Հիմնվելով այսպիսի գաղափարախոսության վրա՝ այաթոլլահ Խոմեյնին հեղափոխության «արտահանումը» համարում էր պարտադիր և դրա հետ կապված մի շարք հայտարարություններով հանդես գալիս: Ճիշտ է, հոգևոր առաջնորդը բազմիցս հայտարարում էր, որ դա չպետք է տեղի ունենա ուժի միջոցով, սակայն այնուամենայնիվ, Իրանում կային ուժեր, որոնք գերադասում էին ուժի գործադրմամբ հասնել հեղափոխության «արտահանմանն» ու տարածմանը Պարսից ծոցի տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ Իսլամական հեղափոխության «արտահանումը» նախատեսում էր աջակցություն իրենց բռնապետ ղեկավարների կողմից ճնշված մուսուլմաններին:

Իսլամական հեղափոխության արտահանման գաղափարից բխող հաջորդ սկզբունքն էր՝ զարգացնել հարաբերություններն իսլամական բոլոր երկրների հետ՝ փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ինչպես նաև ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն ողջ իսլամական աշխարհի միասնականության ապահովմանը:

 

Add new comment