2010 թ. Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված հայ երիտասարդին Բաքվի բանտում խոշտանգել և սպանել են
Ֆեյսբուքյան օգտատեր Հայուհի Յանի գրառումը.
Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում «ինքնասպանությyն» է արել։
Մանվել Սարիբեկյանը ծնվել էր 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա հարևանների հետ գնացել էր անտառ՝ փայտ հավաքելու և կորած անասուններ փնտրելու։ Մառախուղի պայմաններում նա կորցրել էր կողմնորոշումը և հայտնվել Ադրբեջանի տարածքում, որտեղ ձերբակալվել էր ադրբեջանական ուժերի կողմից։
Ադրբեջանական իշխանությունները նրան ներկայացրել էին որպես դիվերսանտ և հայտարարել, թե նա իբր պատրաստվում էր պայթեցնել ադրբեջանական գյուղի դպրոցը։ Ադրբեջանական հեռուստատեսությամբ նաև ցուցադրվել էր նրա հարցաքննությունը։ Հայաստանի կողմը պնդել էր, որ այդ ցուցմունքները ստացվել էին բռնության պայմաններում։
Սարիբեկյանին տեղափոխել էին Բաքվի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նա մնացել էր կալանքի տակ։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին նրան գտել էին մահացած՝ խցում։ Ադրբեջանի պաշտոնական վարկածն այն էր, որ նա ինքնասպանություն էր գործել։
Բայց ինչ արձանագրեց ՄԻԵԴ-ը
2020 թվականի հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։
Դատարանը չընդունեց Ադրբեջանի ներկայացրած ինքնասպանության վարկածը։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Սարիբեկյանը Ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ էր մտել առողջ վիճակում, իսկ նրա մահվանից առաջ արձանագրված վնասվածքների վերաբերյալ հայկական դատաբժշկական տվյալները, լուսանկարները և խցի պայմանները հիմք էին տալիս եզրակացնելու, որ նա մահացել էր այլ անձանց, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների հետևանքով։
Դատարանը նաև արձանագրեց, որ նրա մարմնի վրա եղել են ծեծի և գլխի վնասվածքի հետքեր, և այդ վերաբերմունքը իրավական առումով որակեց որպես խոշտանգում։
ՄԻԵԴ-ը քննադատեց նաև Ադրբեջանի հետաքննությունը։ Այն ի սկզբանե կառուցված էր այն ենթադրության վրա, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել։ Այդ պատճառով այլ վարկածներ, այդ թվում՝ նրա նկատմամբ բռնության հնարավորությունը, պատշաճ կերպով չէին ուսումնասիրվել։ Դատարանը դա համարեց ոչ արդյունավետ քննություն։
Հայաստանում նրա մարմինը հանձնվել է 2010 թվականի նոյեմբերի 4-ին, որից հետո իրականացվել է դատաբժշկական քննություն և հարուցվել է քրեական վարույթ։ Հայաստանի քննությունը հետագայում կասեցվել էր, քանի որ Ադրբեջանը չէր տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն։
ՄԻԵԴ-ը ճանաչեց Ադրբեջանի պատասխանատվությունը՝
- Կյանքի իրավունքի խախտման համար (Կոնվենցիայի 2-րդ հոդված),
- Խոշտանգման արգելքի խախտման համար (3-րդ հոդված),
- և անարդյունավետ քննության համար։
Դատարանը նաև սահմանել էր 60,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուներին և 2,200 եվրո՝ ծախսերի համար։
Հ.Գ.: Այս օրերին հայկական սահմանն ապօրինի հատած, հայ կնոջ վրա երեխաների ներկայությամբ կրակած ադրբեջանցի հանցագործ զինվորին իշխանականները ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես պարզապես մոլորված զինվոր, իսկ նրա արարքը ամենևին էլ ոչ դիվերսիա, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նույնիսկ պնդեց, որ եթե հայ կինը չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկանությանը, ոչինչ էլ չէր լինի Շաքիի միջադեպը որակելով որպես սովորական «կրիմինալ» միջադեպ։ Իսկ Ադրբեջանը մեզ ամեն անգամ ապացուցում է, որ նույնիսկ ամենախաղաղասեր հայը իր համար թշնամի է նրա հետ վարվելով ամենաանմարդկային ձևով։
Add new comment