Submitted by H.Aslanyan on
ԵԽ

Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում։

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։

Քվեարկությունից հետո Մեզյուրը խիստ քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանին ուղղված իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողություններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ցավում է ԵՄ ներկայացուցիչների կողմից Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցելությունների ժամանակ քաղբանտարկյալների հարցերը հրապարակայնորեն չբարձրաձայնելու և նրանց ազատ արձակումը պահանջելու համար։ Զգուշացնում է, որ նման լռությունը կարող է խաթարել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության հեղինակությունը։ Պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա խորացումը պայմանավորված լինի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց անհապաղ ազատ արձակմամբ և անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։ Կոչ է անում Ադրբեջանին լիովին կատարել ՄԻԵԴ-ի որոշումները քաղաքական դրդապատճառներով հետապնդումների վերաբերյալ։

 

Add new comment