Արտատարածաշրջանային ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել արտատարածաշրջանային, մասնավորապես ամերիկյան զինված ուժերին հնարավորինս արագ հեռանալ տարածաշրջանից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Իրանի բանակի և զինված ուժերի ուղերձը ոչ տարածաշրջանային, հատկապես ամերիկյան ուժերին. լքեք տարածաշրջանը որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։
Ռայիսին տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունն անվտանգության պահպանման գործոն է անվանել, իսկ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը՝ անվտանգության սպառնալիք։ Նա նշել է, որ Իրանն այսօր ունի հագեցած և ժամանակակից բանակ։
Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանի ռազմական հզորությունն օգուտներ է բերում տարածաշրջանին։ «Բանակի օրվա ուղերձը խաղաղության և բարեկամության ուղերձ է տարածաշրջանի երկրներին, և մենք ամուր սեղմում ենք բոլոր նրանց ձեռքերը, ովքեր ցանկանում են անվտանգ պահել տարածաշրջանը»,- ասել է նա։
Վերջինս միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կհանգեցնի Իսրայելի կործանմանը։
Add new comment