Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Հայտարարության մեջ ասվում է.
«Վերջին շրջանում որոշ թուրքական մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի դեմ իրականացվող կողմնակալ տեղեկատվական արշավը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որոշ պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կողմից մեր երկրի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները լուրջ մտահոգություն և ափսոսանք են առաջացնում Ադրբեջանի և Թուրքիայի միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի մոտ։
Ադրբեջանն ու Թուրքիան պահպանում են բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Ադրբեջանը անկախ և ինքնիշխան պետություն է և իր ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշում է ազգային շահերին և Սահմանադրությանը համապատասխան։
«Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը, որը ձևակերպվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից, ենթադրում է հենց երկու անկախ և ինքնիշխան պետությունների գոյություն։ Այս սկզբունքի էության խեղաթյուրումը, այն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և ադրբեջանական հասարակությանը արտաքին քաղաքական ու գաղափարական մոտեցումներ պարտադրելու հիմք դարձնելն անթույլատրելի է։
Ադրբեջանի պետական կարգի աշխարհիկ բնույթը և դավանանքի ազատությունը երաշխավորված են Սահմանադրությամբ։ Մեր երկրում կրթական քաղաքականությունը հիմնված է աշխարհիկության, հավասարության և բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորություններ ստեղծելու սկզբունքների վրա։ Ուսումնական հաստատություններում գործող կանոնները հավասարապես տարածվում են բոլոր քաղաքացիների վրա և ուղղված չեն որևէ կրոնական պատկանելության դեմ։ Այս հարցերի քաղաքականացումը կրոնա-գաղափարական մակարդակով, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրական կարգի և կրթական քաղաքականության հասցեին անհիմն մեղադրանքների առաջադրումը անթույլատրելի են։
Նախագահ Իլհամ Ալիևի, մեր ժողովրդի, նրա պատմության և մեծ անհատների հասցեին վիրավորական ու զրպարտչական արտահայտությունների օգտագործումը նույնպես անթույլատրելի է և առաջացնում է ադրբեջանական հանրության հիմնավոր դժգոհությունը։ Ափսոսանքով արձանագրում ենք, որ AK Parti-ի ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում այս ամենը կանխելու համար։ Թուրքիայի տարածքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև սադրիչ ակցիաների անցկացման և դրանց անցկացման կոչերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը ևս մի շարք հարցեր է առաջացնում։
Կարծում ենք, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը պահանջում է քաղաքական պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանում։ Առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է վնասեն երկու երկրների հարաբերություններին։
Ակնկալում ենք, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ խորհրդարանում ներկայացված իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչները, պատասխանատվությամբ կմոտենան այս զգայուն հարցերին, կհարգեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և կզերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել մեր հարաբերությունների վրա», — նշել են Ադրբեջանի խորհրդարանում։
Add new comment