Էրդողանը Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել այցելել Արցախ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժողովրդական դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել տեսնել «Ղարաբաղի ազատագրված տարածքները», եթե ցանկանում է իմանալ, թե ինչպես են իշխանությունները պայքարում իմպերիալիզմի դեմ։
«Եթե ուզում եք իմանալ իմպերիալիզմի դեմ մեր դիրքորոշումը, գնացեք և հարցրեք մեր եղբայրներին Ղարաբաղի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»,- ասել է նա։
Էրդողանը նաև նշել է, որ իր իշխանությունը, Թուրքիային հակամարտություններից զերծ պահելով, խախտում է իմպերիալիստների ծրագրերը. «ՄԱԿ-ում մենք բողոքեցինք համաշխարհային համակարգի դեմ՝ ասելով, որ աշխարհը հինգից ավելին է (նկատի ունի ՄԱԿ-ի ԱԽ-ն, որի մշտական անդամները 5 պետություններ են)։
Մենք ասացինք՝ վերջ տվեք գաղութատիրական կարգերին։ Մեր կյանքն անցավ իմպերիալիզմի դեմ պայքարում»։
Հիշեցնենք, որ առաջիկա մայիսի 14-ին Թուրքիայում նախանշված են համընդհանուր՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Ըստ նախնական հարցումների՝ գործող նախագահ Էրդողանն ու նրա հիմնական քաղաքական ախոյանը՝ Քըլըչդարօղլուն, գրեթե հավասար համակիրներ ունեն։
Add new comment