Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք երկու երկրների իշխանությունները հաճախ բնութագրում են «մեկ ազգ՝, երկու պետություն» բանաձևով, հայտնվել են նոր տարաձայնության առաջ։ Գրում է Ermenihaber-ը:
Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ ծավալված քննարկումը դուրս է եկել կրթական և կրոնական հարցերի շրջանակից՝ վերածվելով երկու դաշնակիցների միջև քաղաքական պատասխանատվության, ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելու սահմանների վերաբերյալ հրապարակային վեճի։
Հակասության առանցքում ոչ միայն Ադրբեջանի աշխարհիկ կրթական քաղաքականությունն է, այլև այն հարցը, թե որքանով կարող է Թուրքիան իրեն իրավունք վերապահել գնահատելու և քննադատելու դաշնակից երկրի ներքին որոշումները։ Բաքվի արձագանքը ցույց է տալիս, որ նույնիսկ սերտ ռազմավարական հարաբերությունների պայմաններում Ադրբեջանը պատրաստ չէ ընդունելու, որ պատմական և մշակութային ընդհանրությունները կարող են հիմք դառնալ իր ներքին քաղաքականության նկատմամբ արտաքին միջամտության համար։
Ինչի՞ց ու ինչպե՞ս սկսվեց լարվածությունը
Վեճի անմիջական պատճառն Ադրբեջանում պետական դպրոցների հագուստի կանոնակարգի փոփոխությունն է։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ սահմանվել է, որ դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ աշխարհիկ կրթության սկզբունքներին չհամապատասխանող լրացուցիչ հագուստի տարրեր չեն թույլատրվում։ Թեև փաստաթղթում ուղղակիորեն չի հիշատակվում գլխաշորը կամ հիջաբը, որոշ դպրոցներում կանոնակարգը կիրառվել է այդ սահմանափակման ձևով։ Հոկտեմբերի 6-ին հագուստի պահանջները տարածվել են նաև ուսուցիչների վրա։ Արդյունքում գլխաշոր կրող աշակերտուհիներին դպրոց չթողնելու դեպքերը բողոքի ալիք են առաջացրել։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում 37 մարդ է ձերբակալվել։
Ադրբեջանի իշխանությունները կանոնակարգը հիմնավորում են երկրի աշխարհիկ պետական կառուցվածքով և հանրակրթության միասնական կանոններ սահմանելու անհրաժեշտությամբ։ Սակայն գործնականում դրա կիրառումը կրոնական ազատության և կրթության իրավունքի վերաբերյալ հարցեր է առաջացրել։ Հենց այս հանգամանքն էլ խնդիրը դարձրել է ոչ միայն Ադրբեջանի ներքին քննարկման, այլև տարածաշրջանային քաղաքական բանավեճի առարկա։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում։
Add new comment