Submitted by H.Aslanyan on
Հրթիռ

CNN․ Ուկրաինան մնացել է առանց Patriot-ի հրթիռների

Ուկրաինայի ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռները սպառվել են, ինչի հետևանքով երկիրն ավելի խոցելի է դարձել ռուսական բալիստիկ հրթիռների դիմաց։ Այս մասին CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հրապարակային հակամարտության սրման ֆոնին։ Վերջին օրերին Սպիտակ տունը կնքել է խիստ քննադատության արժանացած համաձայնագիր ռուսական դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ և ուժեղացրել է ճնշումը Ուկրաինայի վրա՝ պահանջելով դադարեցնել հարվածները ռուսական նավթային ենթակառուցվածքների դեմ։

Զելենսկին հայտարարել է, որ իրեն դավաճանված է զգում՝ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության պատճառով։ Դրանից հետո ուկրաինական առաջնորդը հայտարարել է, որ Կիևը կշարունակի հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։

Մի քանի ամիս շարունակ Զելենսկին բազմիցս նախազգուշացրել էր, որ Patriot ամերիկյան որսացող հրթիռների պաշարները սպառման եզրին են։ Այս զինամթերքը հակաօդային պաշտպանության այն սակավաթիվ միջոցներից է, որը կարող է խոցել բալիստիկ հրթիռներ։

Սակայն որսացող հրթիռները թանկ արժեն և ամբողջ աշխարհում մնում են պակասուրդային։ Այլ երկրներ արդեն սպառել են իրենց պաշարների մի մասը կամ փորձում են ամրապնդել սեփական հակաօդային պաշտպանությունը՝ Իրանում պատերազմի ֆոնին։

CNN-ի աղբյուրի խոսքով՝ հրթիռների պակասն արդեն ազդել է ուկրաինական ՀՕՊ-ի արդյունավետության վրա․ «Վերջին հարձակման ժամանակ գրեթե բոլոր բալիստիկ հրթիռները չեն որսացվել՝ որսացող հրթիռների բացակայության պատճառով»։

Add new comment