Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու տարի առաջ բաց է թողել Կիևի համար շահավետ գործարք կնքելու պահը Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Երկու տարի առաջ նա կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է կնքել հիմա»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, երբեք չի ձգտել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։«Հաշվի առնելով, թե որքան գումար է նրան տրամադրում Եվրոպան և որքան գումար է անցյալում նրան տվել Ջո Բայդենը, նա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկին) չի ցանկանում վերջ դնել այս պատերազմին և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել»,- հավելել է Թրամփը։
Նա հերթական անգամ Զելենսկուն մեղադրել է դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման համար։
«Զելենսկին հարվածներ է հասցնում Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող գործարաններին՝ քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները լրջորեն հարվածում են դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում»,- նշել է նա։
Թրամփը հավելել է, որ չնայած դրան՝ Ռուսաստանը միլիոնավոր բարել դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկաներ՝ ցածր գնով։
Add new comment