Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան
Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար: Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել»,- ասել է վարչապետը։
Իսկ ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աշխատանքին, նա հորդորել է ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները միմյանցից տարբերել:
«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որոնք, մասնավորապես, 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր, լիարժեք կատարել է։ ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի մի հարթության մեջ դնել։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ԵՄ առաքելությունը երկարաժամկետ է, 2 ամիս է, ինչ տեղակայվել է, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, այդ գործընթացի մեջ է:
Add new comment