Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 14-ին այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի գագաթնաժողովին, որի նախագահող երկիրը Ադրբեջանն է։ Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցը տեղի է ունեցել Ադրբեջանի և նրա ամենամերձավոր դաշնակից Թուրքիայի միջև բացահայտ տարաձայնությունների ֆոնին․ գրում է The National Interest-ը։
Վեճի պատճառը դպրոցներում գլխաշոր կրելու Ադրբեջանի սահմանափակումներն են։ Թուրքիան այս տարաձայնությունը դիտարկում է որպես կրոնական որ հարց, իսկ Ադրբեջանը՝ որպես ինքնիշխանության։
Ըստ հոդվածի՝ Իսրայելը երբեք չի փորձել թելադրել Ադրբեջանին իր պայմանները։ Այս հանգամանքն, ինչպես նաև Թուրքիայի հետ Ադրբեջանի երկարամյա դաշնակցային հարաբերությունները, Բաքուն դարձնում են ամենահավանական վայրը, որտեղ Թուրքիան և Իսրայելը ժամանակի ընթացքում կարող են հարթել իրենց տարաձայնությունները։
Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում, գնում է նրա նավթի զգալի մասը։ Իսրայելը չի միջամտում Ադրբեջանի ներքաղաքական կյանքին և այլ երկրների հետ նրա գործընկերային հարաբերություններին, իսկ տարաձայնությունները կարգավորում է փակ դռների հետևում։
Թուրքիայի հետ տարաձայնությունները չեն վերածվի հարաբերությունների լիակատար խզման, քանի որ կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Ադրբեջանը Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցն է և դեպի Կենտրոնական Ասիա տանող նրա ցամաքային կամուրջը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Կասպից ծովից մինչև Թուրքիայի ափերը ձգվող խողովակաշարերը կապում են Անատոլիան Ադրբեջանի, ինչպես նաև ծովի մյուս կողմում գտնվող թյուրքական պետությունների հետ։ Ադրբեջանը նաև իր ռեսուրսներն է ներդրել Թուրքիայի նախաձեռնություններում։
Սեպտեմբերի 30-ին երկու կառավարությունները ստորագրեցին շուրջ 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր։ 2024 թվականին Թուրքիա ներմուծվող գազի շուրջ 22 տոկոսը բաժին էր ընկնում Ադրբեջանին, իսկ Աբշերոնի հանքավայրից գազի մատակարարման 15-ամյա պայմանագիրը կսկսի գործել 2029 թվականին։
«Վաղ թե ուշ Էրդողանը կցանկանա վերականգնել Իսրայելի հետ հաղորդակցության ուղին, ինչպես դա արեց 2016 և 2022 թվականներին։ Իսկ Ադրբեջանի հետ գլխաշորերի շուրջ վեճը կմարի շատ ավելի շուտ, քան կավարտվեն երկու երկրների միջև կնքված գազային պայմանագրերի և սպառազինության մատակարարման համաձայնագրերի ժամկետները։ Երբ Էրդողանը փորձի գտնել Իսրայելի հետ կապը վերականգնելու ուղի, ամենահավանական միջնորդը կլինի Ադրբեջանը՝ միջին տերություն, որին վստահում են թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը»,- գրել է կայքը։
Add new comment