Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի Օբուխովի շրջանում գործող արտադրական-պահեստային օբյեկտի, ինչի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել վեց մարդ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ տեղի իշխանություններին հղումով։
Խարկովի մարզի Իզյում քաղաքում ռուսական ավիահարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, հայտնում են տեղի իշխանությունները։
Ուկրաինական կողմը հաղորդում է, որ Ռուսաստանը հոկտեմբերի 20-ի գիշերը 165 հարձակողական անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ ժամը 8:00-ի դրությամբ, խփվել է 115-ը (73-ը՝ ռեակտիվ շարժիչով)։
Օդեսայի մարզում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ։ Ոչ ոք չի տուժել։
Խմելնիցկիի շրջանում հարձակման է ենթարկվել մի բիզնես։ Խմելնիցկիի մարզային ռազմական վարչության պետ Սերգեյ Տյուրինը հայտնել է, որ տուժածներ չկան։
Այսօր առավոտյան Ռուսաստանը հարվածել է նաև Դնեպրին և դրա արվարձաններին։ Տեղի մարզային ռազմական վարչության պետ Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, երեք մարդ է վիրավորվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածների հետևանքով վնասվել են Խմելնիցկիի «Գրանդ Իմպորտ» լոգիստիկ կենտրոնը, Վոլինի մարզի Կովել քաղաքում գտնվող «Վինդոր Տրանս Սերվիս» տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնը, Ռենի նավահանգստում գտնվող երեք բեռնատար նավ և Օդեսայի նավահանգիստ ուղևորվող ևս մեկ բեռնատար նավ։
Add new comment