Submitted by H.Aslanyan on
Թուրքիա

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

«Մենք ավարտել ենք Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը»,- մեջբերում է Habertürk-ը նախարարի խոսքերը:

Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:

Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:

Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:

Կամրջի վերականգնման ծավալներն ու մեթոդները սահմանող արձանագրությունը ստորագրվել էր Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին: Ուրալօղլուի խոսքով՝ նախագիծն ուղղված է Մետաքսի ճանապարհի պատմական ժառանգության պահպանմանն ու այն ապագա սերունդներին փոխանցելուն:

 

Add new comment