Գործարկվել է Իրանի ծովային ուժերի մշակած հակասուզանավային ԱԹՍ-ն
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը փորձարկել են սեփական արտադրության հակասուզանավային անօդաչու թռչող սարքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտնել է, որ այս ԱԹՍ-ն կարող է սուզանավերը հայտնաբերել և ոչնչացնել։ «ԱԹՍ-ի միջոցով սուզանավի հայտնաբերման համար այլ սարքերի հետ մեկտեղ օգտագործվում է մի տեսակի սոնար, որը նախագծել և պատրաստել են Իրանի երիտասարդները»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին՝ Իրանի բանակի ծովային ուժերը համալրվել են հայրենական արտադրության նոր, այդ թվում՝ վերջրյա և ստորջրյա նավերով, և դարձել խոշոր ռազմածովային ուժ ինչպես Պարսից ծոցում, այնպես էլ Հնդկական օվկիանոսի հյուսիսում։
Նշենք, որ «սոնար» նշանակում է նավիգացիա և հեռավորության հայտնաբերում ձայնի միջոցով: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ջրի տակ ձայնային ալիքների տարածման միջոցով հայտնաբերել նավերը և սուզանավերը, որոշել դրանց ուղղությունն ու հեռավորությունը:
Add new comment