Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։
Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։ Թուրքական և ադրբեջանական երեք լրատվամիջոցներ հակադարձել են իմ՝ «Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին» վերնագրով հոդվածին։
Ամենաանհեթեթ հոդվածը, որի հեղինակը Ուլաշ Ֆաքիրն էր, հրապարակվեց թուրքական ազգայնական ODATV առցանց լրատվամիջոցում։ Այն վերնագրված էր՝ «Նրանց անունները թվարկվել են մեկ առ մեկ․ չորս թուրք կին թիրախավորվել է հայերի կողմից»։ Միայն վերնագրում կար արդեն երկու լուրջ սխալ․ 1) նրանք չէին թիրախավորվել «հայերի կողմից», այլ մեկ հայի՝ հենց իմ կողմից, և 2) ես որևէ «թուրք կնոջ» չեմ թիրախավորել։ Ես պարզապես արձագանքել եմ չորս թուրք վերլուծաբանի հոդվածներին և նույնիսկ չգիտեի՝ նրանք կանայք էին, թե տղամարդիկ։ Իմ գրածը քաղաքական և ոչ թե գենդերային հարցի մասին էր։
ODATV-ն սխալմամբ անդրադարձավ «ԱՄՆ-ի սփյուռքյան մամուլի կողմից [Այգյուն] Աթարի հոդվածի լայնածավալ լուսաբանմանը»։ Նման բան չկար․ արձագանքը մեկն էր՝ իմը։ ODATV-ն բացահայտել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի փետրվարին Աթարին նշանակել է իր «Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդում»: Աթարի պետական պաշտոնը ցույց է տալիս, որ նրան չի կարելի համարել հայ-թուրքական հարցերի օբյեկտիվ վերլուծաբան:
ODATV-ը շարունակեց ներկայացնել մյուս երեք թուրք կանանց, որոնց, ըստ լրատվամիջոցի, ես «թիրախավորել եմ»: Չորս կանայք էլ բարձրագույն կրթություն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք անաչառ են հայկական հարցերի վերլուծության մեջ:
Իմ հոդվածի երկրորդ հակադարձումը, որի հեղինակը Աբուլֆազ Բաբազադեն է, հրապարակվել է ադրբեջանական NEWS.AZ կայքում։ Այն վերնագրված էր՝ «Ինչու է Բաքվի և Անկարայի գովասանքը մտահոգում հայկական սփյուռքին»։ Նա ներկայացվում է որպես «գիտնական, ճապոնագիտության մասնագետ, գիտնական և քաղաքական վերլուծաբան»։
Տարօրինակ է, որ «ճապոնագետը» գրում է հայկական հարցի մասին։ Բաբազադեի հոդվածի մեծ մասը բառացիորեն արտագրված է ODATV-ի հոդվածից՝ առանց աղբյուրի որևէ հղման: Սա գրագողություն է այսպես կոչված «գիտնականի» կողմից։
Այնուամենայնիվ, ես գոհ եմ, որ Բաբազադեն գովաբանել է իմ հոդվածի որոշ հատվածներ․ «Սասունյանն արժանի է գնահատանքի՝ բացահայտելու համար մի իրական հակասություն, որը դժվար է անտեսել։ Վարչապետը պահանջում է, որ Սփյուռքը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, մինչդեռ հաճույքով ընդունում է նրա գումարները բարեգործական նախաձեռնությունների համար։ Նրա քննադատությունը Փաշինյանի՝ ASA-ի ուսանողների, այլ ոչ թե ավելի լայն հայկական համայնքի հետ հանդիպելու վերաբերյալ, հետևում է նույն տրամաբանությանը․ ներգրավվածությունն ընտրովի է, ոչ թե ինստիտուցիոնալ։ Դա Հայաստանի կառավարության նկատմամբ օրինական քննադատություն է՝ ուղղված Երևանին, ոչ թե Անկարային»։
Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հակադրությունը չէ, այլ նաև բազմաթիվ այն հայերի դիրքորոշումը, որոնք ապրում են հենց Հայաստանում և կտրուկ դեմ են Փաշինյանի զիջումներին։
Եզրափակելով՝ աշխարհասփյուռ հայությունը պետք է գիտակցի, որ օտարերկրյա վերլուծաբաններն ու նրանց կառավարություններն ուշադիր հետևում են հայերի կարծիքներին ու հայտարարություններին՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես։ Հետևաբար, նրանք պետք է հասկանան, որ այս ժամանակավոր զիջումները շուտով կչեղարկվեն։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Add new comment