Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.
Որպես ազգ և պետություն՝ մենք կարիք ունենք հասկանալու չափազանց կարևոր այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հարավային Կովկասի ճակատագրում 2023թ. Արցախի անկումով և դրան հետևած գործընթացների հետևանքով։
Մեր տարածաշրջանում ավարտվել է վճռորոշ նշանակությամբ Ռուսաստան - պայմանական հավաքական Արևմուտք երկբևեռ աշխարհաքաղաքական խաղը, որի շրջանակներում Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսմղումով պարտվել է ռուսական ռազմաքաղաական գերակայության քաղաքականությունը, իսկ Արցախի բնակչության էթնիկ զտմամբ նույնարժեք պարտություն է գրանցել լիբերալ արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված ԵՄ քաղաքականությունը։
Տարածաշրջանում տարբեր աստիճանի դերակատարությամբ և մակարդակներում՝ որպես նոր առանձին խաղացողներ, հայտնվել են թրամփյան ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և նախկինում գրեթե ամբողջովին կորցրած պատմական դերակատարությունը նորովի վերագտած Իրանը և Թուրքիան։
Աշխարհաքաղաքական խաղը դարձել է անհամեմատ ավելի բարդ, բազմակողմ և բազմաբևեռ, որտեղ, չնայած վերոնշյալ պարտությանը, Ռուսաստանը և ԵՄ-ը նույնպես պահպանում են նկատելի լծակներ։
Այս ամենը հաշվի առնելով, Հարավային Կովկասի երեք երկրների «հավիտենական խաղաղության» հիման վրա տարածաշրջայնացումը կամ այլ խոսքերով՝ որպես միասնական տարածաշրջան հանդես գալու հնարավորությունը, ինչպես նախկին երկբևեռ խաղում, այդպես էլ այժմ գրեթե հավասար է զրոյի։
Տարբերությունը, սակայն, նախկինի համեմատ՝ հսկայական է, քանզի Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն ստիպված է լինելու գործել ոչ թե երկու, այլ միանգամից մի քանի կողմերի շահերի համընկնման և բախման տիրույթներում։
Եթե մենք սա չսկսենք հասկանալ և չպատրաստվենք նման բարդ պայմաններում լավագույնս գործելուն, ապա անընդհատ լինելու ենք կորուստներ գրանցածի և պարտվածի կարգավիճակում։
Add new comment