Սաուդյան Արաբիան հայտնել է Եմենի հութիներին հարվածներ հասցնելու մասին
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ ռազմաօդային ուժերը Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների կողմից օգտագործվող հրթիռների արձակման կայանք են ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ալ-Մալիքին նշել է X-ի գրառման մեջ։
«Մենք Սանայում ոչնչացրեցինք բալիստիկ հրթիռների արձակման հարթակ։ Հութի ահաբեկչական զինյալներն այսօր օգտագործել են կայանքը՝ փորձելով հարձակվել Արևելյան շրջանի վրա»,- նշել է նա։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Սաադայում ոչնչացրել են բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանք։Բացի այդ, նրա խոսքով՝ Հարավային շրջանում հութիների կողմից արձակված թևավոր հրթիռ է ոչնչացվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող «Aramco» նավթային ընկերության գրասենյակի մի քանի հարկերի պատուհաններ են ջարդվել։ Ըստ էներգետիկայի նախարարության՝ դա տեղի է ունեցել շենքի վրա հարձակման փորձի հետևանքով ընկած բեկորների պատճառով։
Կատարվածի հետևանքով վիրավորներ կամ զոհեր չկան։
Add new comment