Ցեղասպանության ժխտման քաղաքականություն
«Ցեղասպանություն» տերմինը 1944 թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոստի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Հայոց ցեղասպանությունը 1911-1912 թվականներին արդեն իսկ ծրագրված էր, սակայն երիտթուրքերը սպասեցին հարմար պահի և որպես առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը՝ այն իրագործելու համար:
Ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական մամուլում անդրադառնում են.
- Խոջալուի դեպքերին,
- ԱՍԱ/Ա-ի1 կազմակերպած գործողություններին:
Այս մասին բարձրաձայնելով և կեղծ տեղեկություններ տարածելով՝ թուրքական մամուլը փորձում է շարունակել ժխտման քաղաքականությունը։
Ապրիլի 24-ի ամսաթվի բացատրությունն էլ կարևոր տեղ ունի թուրքական լրատվամիջոցներում։ «Sözcü» թերթը գրում է. «Ստամբուլում, այսինքն՝ պետության մայրաքաղաքում, Արևելյան Անատոլիայում և Սալոնիկի նման՝ կայսրության այլ քաղաքներում մինչ այդ օրը տարբեր ժամանակներում հայկական ապստամբություններ են եղել։ Վանի, Բիթլիսի, Մուշի նման քաղաքները գրավվել էին հայերի կողմից։ Պատերազմի ընթացքում 1915 թ. ապրիլի 24-ին մայրաքաղաք Ստամբուլում որոշ հայ պարագլուխների տները և եկեղեցիներն են խուզարկել, մի բանակ զինելու չափ զենք ու պայթուցիկ են գտել ու շատերին ձերբակալել։ Այս պատճառով 1915 թ. ապրիլի 24-ին հայերը և աշխարհը նշում են որպես «Ցեղասպանության օր», որպես հիշատակի օր։ Խորհրդանշական ամսաթիվ է, ցեղասպանության հետ ուղղակի կապ չունի։ Եթե հայերի ուժը բավականացներ, մեզ կոչնչացնեին» (Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը. Ջո Բայդենի «անակնկալն» ու «ատելության խոսքը», Ն. Պողոսյան)։
2020 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում ռազմական շքերթ է անցկացվել, որին մասնակցել է նաև թուրքական զորախումբը: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հիշատակել դրա հիմնական կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային։
«Այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է»,- ասել է նա:
Էրդողանը, ոգեկոչելով Էնվեր Փաշային, հստակ ուղերձ է հղել, որ ցեղասպան քաղաքականությունը շարունակվելու է։
1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
1 Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անվան հապավումը գրելու դեպքում «Ֆեյսբուքը» բոլորիս հասկանալի պատճառներով արգելափակում է (ժամանակավոր կամ ընդմիշտ) այն հրապարակած սոցիալական ցանցի էջը: Այս նկատառումից ելնելով՝ «Դետք»-ի կայքում և սոցցանցերում հապավումն այսուհետ կգրվի հետևյալ կերպ՝ ԱՍԱ/Ա:
Add new comment