DETQ

Հայոց ցեղասպանությունը և հայերի ինքնապաշտպանական մարտերը

Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի մեծագույն ողբերգություններից մեկն էր, որի արմատներն ավելի վաղ էին ձևավորվել: Հայոց ցեղասպանության առաջին կազմակերպիչն ու իրագործողն Օսմանյան կայսրության իշխանություններն են, որոնց համար Հայկական հարցը լուրջ խնդիր էր դարձել, քանի որ եվրոպական պետությունները, որոնք պետք է այսպես կոչված հետևեին Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ բարեփոխումներն օգտագործում էին կայսրության ներքին գործերին միջամտելու և այդ երկրի իշխանությունների նկատմամբ ազդեցության լծակներ ունենալու համար։

19-րդ դարի 70-80-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում ավելի առարկայական էին դարձնում հայասպան ծրագիրը: 1894-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած արևմտահայերի ցեղասպանության ժամանակ զոհ գնաց 300 հազար հայ, 100 հազարը բռնի իսլամացվեց, ևս 300 հազարը ստիպված եղավ արտագաղթել այլ երկրներ։

1908 թվականին Օսմանյան կայսրությունում ռազմական հեղաշրջում իրականացվեց, որի հետևանքով իշխանության եկավ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչները պատմության մեջ հայտնի են որպես երիտթուրքեր։ Վերջիններս տապալեցին սուլթան Աբդուլ Համիդի բռնատիրական վարչակարգը, վերականգնեցին երկրի սահմանադրությունը, ինչպես նաև իրավահավասարություն հռչակեցին կայսրության բոլոր ժողովուրդների միջև։

Սա մեծ ոգևորություն էր Թուրքիայում ապրող ոչ թուրք ազգությունների, այդ թվում՝ արևմտահայերի համար: Սակայն, ցավոք, այս ուրախությունը չափազանց կարճ տևեց, և ընդամենը մեկ տարի անց՝ 1909 թվականին, երիտթուրքերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ կազմակերպելով Ադանայի հայության կոտորածը, որին զոհ գնաց 30 հազար հայ։

Երիտթուրքերի իշխանությունը պանթյուրքիզմի ընդունումից հետո նպաստավոր պահի էր սպասում՝ Հայոց ցեղասպանությունն իրագործելու համար, որն էլ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը։

Երիտթուրքական իշխանությունները մանրակրկիտ ծրագրեցին այս հրեշավոր մտահղացումը: 1914 թվականի հոկտեմբերին Էնվեր փաշայի հրահանգով ստեղծվեց «Հատուկ կազմակերպությունը», որի շուրջը համախմբվել էին երիտթուրքական կուսակցության շատ անդամներ, թուրք սպաներ, բանտերից ազատված քրեական հանցագործներ։ Այս կազմակերպությունը դարձավ Հայոց մեծ եղեռնը գործողության մեջ դրած հիմնական շարժիչ ուժը: Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման մեջ իրենց դերակատարումն ունեցան երիտթուրքական իշխանության այնպիսի բարձրաստիճան դեմքեր, ինչպիսիք էին զինված ուժերի հրամանատար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը, դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, լուսավորության նախարար Միդհատ Շուքրին և այլք:

Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլի:

Առաջին փուլում 1914 թվականի հուլիսի 25-ին հայտարարված զորահավաքի շրջանակում թուրքական իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու պատրվակով մաս-մաս ոչնչացվում էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական ուժերից: Երկրորդ փուլում՝ 1915 թվականի ապրիլի 24-29-ը, թուրքական իշխանությունները ձերբակալեցին ավելի քան 800 հայ մտավորականի, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Երիտթուրքերը չխնայեցին անգամ Գրիգոր Զոհրապին, որը մտերիմ հարաբերություններ ուներ թուրքական իշխանությունների և Թալեաթ փաշայի հետ։ Արդեն երրորդ փուլում թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին ու բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց շուրջ 1.5 մլն մարդ:

Հայոց ցեղասպանության գերխնդիրն էր հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումն ու հայրենազրկումը: Այս գործընթացը սկսվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք, իր գագաթնակետին հասավ երիտթուրքական իշխանությունների ժամանակ, իսկ որոշ ընդհատումներով շարունակվեց 1920-1923 թվականներին՝ Թուրքիայի արդեն քեմալական իշխանությունների օրոք։

Նկատենք, որ հայ հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում ընդունված է ասել, որ Ցեղասպանությանը զոհ է գնացել մեկուկես միլիոն հայ, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Հայոց ցեղասպանության ընթացքում մեկուկես միլիոն մարդ զոհվել է միայն դրա փուլերից մեկում, իսկ ընդհանուր առմամբ 19-րդ դարի վերջից մինչև ցեղասպանական գործողությունների ավարտը զոհվել է ընդհանուր առմամբ ավելի քան երկուսուկես միլիոն հայ։

Չնայած 1915 թվականին ստեղծված օրհասական դրությանը՝ Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվելու, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունելու։

Ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց է տալիս Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Մոկսի հայությունը փրկվում է տեղի ցեղապետ Մուրթուլլա բեյի շնորհիվ։

Թուրք և քուրդ հրոսակներն առավել կատաղի և անզիջում դիմադրության են հանդիպում Վան քաղաքում: Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան (20 հազար հոգի) և Քաղաքամեջ (2000 հոգի) թաղամասերում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է զինվորական մարմին, որում ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Փորվում են խրամատներ, կառուցվում պաշտպանական ամրություններ։ Կանայք և աղջիկները զբաղվում էին մարտիկների, հայ և ասորական գաղութականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ զինվորական մարմնի և դիրքերի միջև։ Նրանցից ոմանք մասնակցում են մարտերին։ Ստեղծվում է զինծառայողական արհեստանոց, որտեղ վերանորոգում են զենքը և լիցքավորում փամփուշտները։ Այգեստանում ներքին կարգուկանոնը վերահսկելու համար կազմակերպվում է ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենաց և մահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ զինված և 10 անգամ քիչ մարտիկներ։

 

1915 թվականի ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Հայկական թաղամասերի պաշարմանը մասնակցած գերմանացի սպան վկայում է. «Հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում՝ մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի և Սուրբ խաչի հաղթանակի համար։ Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ»։

Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։

1915 թվականի մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Ռուսական հրամանատարությունն Արամ Մանուկյանին նշանակում է Վասպուրականի նահանգապետ։

Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ են մտնում։ Սակայն 1915 թվականի հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Նահանգի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վանեցի-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Կազմվում է զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Տեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող բերդում, որը շրջապատվում է թշնամու կողմից։

Ինքնապաշտպանական մարտերին մասնակցում են նաև հայ պատանիները։ 14-ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի և հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալ շրջապատումից։

1915 թվականի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքում է հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։

Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունենում Մուշում և Սասունում, որտեղ բնակչությունը մի քանի ամիս շարունակ համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։

1915 թվականի ինքնապաշտպանական ինքնատիպ մարտերից էր Սուետիայի հայության նշանավոր գոյամարտը։ Սուետիան գտնվում էր Միջերկրական ծովի առափնյա շրջանում և ընդգրկում էր հայկական յոթ գյուղ։

1915 թվականի հուլիսի վերջին, ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը: Մուսա լեռ է բարձրանում ավելի քան 4 հազար մարդ։

Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում հակառակորդին։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերվում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։

Թշնամին մեծ ուժերով, հրետանու աջակցությամբ, կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին և գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները, սակայն, հավաքելով իրենց ուժերը, անակնկալ հարձակում են ձեռնարկում և հետ շպրտում հակառակորդին։

Մի շարք անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ակտիվ մարտական գործողությունների չի դիմում։ Նա ավելի ու ավելի է սեղմում պաշարման օղակը՝ սուետիահայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը՝ հայերը պահպանում են ոգու արիությունը։ Լեռան բարձր գագաթների վրա նրանք երկու մեծ դրոշ են ամրացնում. մեկի վրա ասեղնագործված էր կարմիր խաչ, իսկ մյուսի վրա գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։

Սեպտեմբերի 5-ին հորիզոնում մի ռազմանավ է երևում։ Դիտորդները սկսում են ազդանշան տալ։ Դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն էր, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրում։

Սեպտեմբերի 10-ին սկսվում է սուետիահայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրանում կանայք, երեխաները և ծերունիները։ Տղամարդիկ այդ ժամանակ շարունակում են մնալ դիրքերում՝ ապահովելով յուրայինների անվտանգ տեղափոխումը։ Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայ հասնում է Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։

Սուետիայի ինքնապաշտպանությունն իր արտացոլումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում։

Թուրք ջարդարարների դեմ վերջին գոյամարտն է մղում Ուրֆա (Եդեսիա) քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Ուրֆայի հայության ինքնապաշտպանությունը սկսվում է 1915 թվականի սեպտեմբերին։ Դիմադրությունը կազմակերպելու համար կազմվում է զինվորական խորհուրդ։ Ղեկավար է ընտրվում Մկրտիչ Յոթնեղբայրյանը։ Մարտերին մասնակցում են նաև կանայք և աղջիկներ։

Չնայած հայերի հերոսական դիմադրությանը՝ հակառակորդն աստիճանաբար կարողանում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Թուրքական հրետանին մեկը մյուսի ետևից քանդում է հայկական ամրությունները։ Մարտիկների մեծ մասը վիրավորվում կամ զոհվում է։ Դա հնարավորություն է տալիս թշնամուն ներխուժելու հայկական թաղամաս, ավելի ճիշտ՝ նրա փլատակները։ 2300 տներից կանգուն էին մնացել միայն 50-ը։ Սակայն տների փլատակներում թաքնված հայ մարտիկները շարունակում են դիմադրել մինչև 1915 թվականի նոյեմբերի կեսերը։ 15 հազար կանայք ու երեխաներ թուրքական իշխանությունների կողմից աքսորվում են Միջագետքի անապատային շրջանները։

 

Add new comment