Submitted by detq-editor on
Պատմական հիշողությունը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է

Պատմական հիշողությունը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է

1915 թ. Հայոց ցեղասպանությունը պանթյուրքական գաղափարների իրականացման առաջին և ցայսօր ամենաաղաղակող դրսևորումն է: Աբդուլ Համիդի կողմից գործնականում սկսված, բայց դեռ պաշտոնապես պետական գաղափարախոսության մակարդակի չբարձրացված Հայոց եղեռնի վարդապետությունը երիտթուրքերը դարձրին պանթյուրքիզմի անկյունաքարերից մեկը. պետական քաղաքականություն, որը հետագայում՝ իշխանության գլուխ գալուց հետո, նույնությամբ որդեգրեց Մուստաֆա Քեմալը: 

1915 թ. Մեծ եղեռնով Թուրքիան կենսագործեց պանթյուրքիզմի գլխավոր առաջադրանքը։ Ոճրագործ Ջեմալ փաշային են պատկանում հետևյալ խոսքերը. «Մենք վերացնում ենք մեր ճանապարհից այն ամենը, ինչը խանգարում է հասնել մեր նպատակին…»։ 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: Արևմտահայության մեծ մասը ոչնչացված էր, Արևմտյան Հայաստանը՝ հայաթափված: 1918-1919 թվականներին սկսվում է արևելահայության և կովկասահայության եղեռնի ծրագրի իրագործումը թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: 1918 թ. Բաքվում թուրք-մուսավաթական ուժերի կողմից կազմակերպվում է շուրջ 30 հազար հայերի ջարդը։

Մուստաֆա Քեմալը հետապնդում էր պանթյուրքիստական նպատակներ՝ անմիջական կապ հաստատել կովկասյան թաթարների հետ։ Հայտնի է նրա պահանջը՝ վերացնել «կովկասյան պատը», այսինքն՝ Հայաստանը։ Քեմալականները թուրք-հայկական պատերազմի ընթացքում, ռազմական ոլորտից զատ, ծավալել էին նաև դիվանագիտական և քարոզչական գործունեություն։ Նրանց հաջողվել էր համախմբել երիտթուրքերի և քաղաքական-հասարակական այլ շարժումների ներուժը, որն ուղղվեց Հայաստանի դեմ՝ միաժամանակ մեկուսացնելով վերջինս, ինչն էլ պայմանավորեց պատերազմում նրանց հաղթանակը։
Ինչպես պանթյուրքիստ իթթիհադակաների օրոք, այնպես էլ մեր ժամանակներում Հայաստանը դիտվում է որպես արգելք պանթյուրքիզմի ճանապարհին։ Հայկական Արցախը, Սյունիքն արգելք են ծավալապաշտական այս նկրտումների ճանապարհին։

Ինչպես այսօր, այնպես էլ 1920 թ. հայության որոշակի հատվածներում կային քննարկումներ՝ Թուրքիայի հետ հաշտվելու և եղբայրություն անելու կոչերով, որոնք հնչում էին հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Իսկ մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյն Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային Հայաստանի հետ  բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ հեռագիր-կարգադրություն է ուղարկում. «...Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի: ...Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն, 
և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն...
Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը և բռնագրավել նրա զենքը՝ այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձևով՝ ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում՝ հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երևալու պայմանով»:

Այսօր էլ պատմությունը կրկնվում է, և կարող ենք վստահությամբ պնդել, որ թեև ժամանակաշրջանները փոխվել են, սակայն Թուրքիան և նրա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, այն է՝ Հայաստանի՝ որպես քաղաքական գործոնի ոչնչացումը՝ ոչ։ 

Մենք Ցեղասպանությունը վերապրածների սերունդներն ենք, և պատմական հիշողությունը, որը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է, միշտ պահելու ենք մեր մտքում և իրատեսական ձգտումներով գնալու ենք առաջ՝ հանուն Հավերժական Հայաստանի։
Միայն ամուր և անկոտրում բանակ կառուցելու, ազգային շահը ճիշտ ուղղորդելու դեպքում մենք կկարողանանք պաշտպանել մեր պետականությունը, ազգային ինքնությունը և ի կատար ածենք կորսված հայրենիքի վերաազատագրման սուրբ առաքելությունը։

Add new comment