Submitted by H.Aslanyan on
Միջազգային

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը։

Այս մասին նոյեմբերի 16-ին զգուշացրել են ընդհանուր առմամբ 38 երկիր ներկայացնող միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորիչ մարմինները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Արևմտաեվրոպական միջուկային կարգավորիչների ասոցիացիան՝ WENRA-ն, Ճառագայթային պաշտպանության եվրոպական իրավասու մարմինների ղեկավարների միավորումը՝ HERCA-ն, և Հյուսիսային երկրների ճառագայթային անվտանգության մարմինների ղեկավարների միավորումը՝ NORA-ն։ Դրանք ներկայացնում են նաև ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան։

Չեխիայի միջուկային անվտանգության պետական վարչության հրապարակած հայտարարության համաձայն՝ էլեկտրացանցերի և ենթակայանների ուղղությամբ հարվածները խաթարում են միջուկային օբյեկտների անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանները։ Կարգավորիչները մտահոգություն են հայտնել, որ իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել Ուկրաինայի էլեկտրացանցի ամբողջական անջատման։

Ատոմակայանների կայուն էլեկտրամատակարարումը կարևոր է ռեակտորների հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքի համար։ Դրա երկարատև խափանումները կարող են մեծացնել վթարի վտանգը։

Հայտարարության հեղինակները զգուշացրել են, որ վատագույն դեպքում անվտանգության պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտահոսքի՝ հետևանքներ առաջացնելով Ուկրաինայում և հնարավոր է՝ դրա սահմաններից դուրս։

Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել Ուկրաինայի միջուկային օբյեկտների և դրանց անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Միավորումները նաև հայտնել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու միջսահմանային համակարգումն ամրապնդելու մտադրության մասին։

 

Add new comment